Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետի ելութը հաստատում է՝ ժողովրդավարությունը և անվտանգությունը փոխկապակցված են

Վարչապետի ելութը հաստատում է՝ ժողովրդավարությունը և անվտանգությունը 
փոխկապակցված են

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը վստահ է, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունը փոխկապակցված են, և հետևաբար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում հայտնած այն միտքը, որ թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի բերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը, մի կողմից ապացուցում է այդ ուղղությամբ աշխատելու հաստատակամության մասին, մյուս կողմից միջազգային հանրությանը հղված ուղերձ է: Հայրապետյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Արցախում մայիսի 21-ին Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչեցված հետևյալ մտքին՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը:

«Այն, որ ժողովրդավարությունը և անվտանգությունը մեզ համար փոխկապակցված են, դրա մասին խոսվել է բազմիցս: Խոսքը մարդկանց ազատ կամարտահայտման մասին է»,-ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով՝  երբ երկու հայկական պետություններն աներկբա ընտրում են զարգացման ժողովրդավարական ճանապարհը, սակայն դրա կողքին կա բռնապետ և ռազմատենչ հարևան, հակառակորդ՝ հանձին Ադրբեջանի, բնակաբար նաև միջազգային հանրության շրջանում պետք է փոխվեն ընկալումները: «Քանի որ այստեղ խոսքը մի կողմից մարդու, մարդու ապրելու իրավունքի մասին է, մյուս կողմից՝ այդ մարդկանց բնաջնջմանն ուղղված քաղաքականության: Եվ այդ անհավասար ցանկությունները չեն կարող դրվել կշեռքի միևնույն նժարի վրա: Եվ դա շարունական գործընթաց է այդ ուղղությամբ՝ մեր միջազգային գործընկերներին այդ ուղերձը տեղ հասցնելու համար: Դրանք բնականաբար ինչ-որ փուլում պետք է բերեն ցանկալի արդյունքների»,-ասաց Հայրապետյանը և նշեց՝ պետք է իրագործվի նաև հայկական կողմի այն համոզմունքն ու քաղաքականությունը, որ Արցախը աներկբա պետք է վերադառնա բանակցային սեղան և մաս կազմի բանակցային գործընթացին, խաղաղությանն ուղղված լուծումների փնտրտուքին:

Նրա կարծիքով՝ վարչապետի միտքը միջազգային հանրությանն ուղղված ուղերձ էր և հավաստում՝ այդ ուղղությամբ աշխատելու հաստատակամության, որ Արցախն անպայմանորեն վերադառնա բանակցային սեղան, քանի որ ի սկզբանե ձևաչափը եղել է եռակողմ:

Պատգամավորը նկատեց՝ վարչապետի ելույթում կար բավականին խորքային փիլիսոփայական անդրադարձ հենց Արցախում 1988-ի շարժմանը և այդ շարժման միջոցով մարդկանց ուղեղում տեղի ունեցած փոփոխություններին: «Ի վերջո 1988-ի շարժմամբ հայ ժողովուրդը, կարծում եմ, որ հաղթահարեց ցեղասպանված լինելու վախը, քանի որ ցույց տվեց նախ ինքն իրեն, ապա համայն աշխարհին, որ թույլ չի տալու իրեն երկրորդ անգամ պատմության մեջ հայրենազրկեն և ցեղասպանեն: Եվ հանուն իր կյանքի և ապրելու իրավունքի ոտքի կանգնեց: Եվ այդ բավականին անհավասար պայքարում մենք կարողացանք հաղթանակ տանել, քանի որ մենք պայքարում էինք ապրելու իրավունքի համար»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց՝ այդ մտածելակերպով պետք է առաջնորդվել նաև հետագայում, մտածել, որ անհնարին կամ անհասանելի թվացող հորիզոններ մեզ համար չեն կարող լինել՝ որպես միասնական հայրենիք: «Եվ այդ ճանապարհին մեզանից յուրաքանչյուրը իր լումայով, իր պրոֆեսիոնալիզմով, նվիրվածությամբ պետք է նպաստի, որպեսզի մենք հասանելի դարձնենք մեզ համար անհասանելի թվացող հորիզոնները: Եվ Արցախն այդ առումով բավականին խորհրդանշական դեր ունի»,-նկատեց նա:

Անդրադառնալով վարչապետի մտքին, թե Արցախի ժողովուրդը 2018 թվականի հեղափոխության լիարժեք մասնակից էր՝ նա նկատեց, որ հաճախ տեղեկատվական դաշտում, տարբեր հարթակներում փորձ է արվում ներկայացնել, թե իբր Արցախում չեն ընկալում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում: «Բայց ես ինքս, բազմիցս լինելով Արցախում, կարող եմ վստահ ասել, որ հանրության շրջանում կա ընկալում, ցանկություն, որ դրական փոփոխություններն իրենց արտացոլումը կգտնեն Արցախի իրականության մեջ: Եվ ես վստահ եմ, որ այդպես էլ լինելու է»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե վարչապետի միտքը, որ Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ են տարել նաև այն ուժերը, որոնք աներկբա և անվերապահորեն ողջունել են ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը և Արցախի նախագահ է ընտրվել հենց այդպիսի քաղաքական գործիչ՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, արդյոք նշանակում է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները միևնույն քաղաքական հայացքներն են կիսում, նույն թևից են, Հայրապետյանն ասաց. «Կարծում եմ, որ ընդհանրական առումով հնարավոր չէ և չպետք է լինի այնպիսի իրավիճակ, որ դրանք հակասեն իրար, քանի որ դա կործանարար կլինի յուրքանչյուրիս համար: Եվ ես ուրախ եմ, որ Արցախի նորընտիր իշխանություններն իրենց համոզմունքներով և որդեգրած արժեքներով նույն էջի վրա պետք է լինեն: Մենք ընտրում ենք ժողովրդավարական արժեքները, որը զուգակցվում է անվտանգության վերաբերյալ մեր պատկերացումների հետ»,-ասաց պատգամավորը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am