Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանով. Փաշինյանը՝ սուտ լուրեր տարածողների մասին

Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանով. Փաշինյանը՝ սուտ լուրեր 
տարածողների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատում է՝ ինչպես նախկինում շատ այլ թեմաներով, այնպես էլ հիմա կեղծ լուրեր են տարածվում, թե իբր կորոնավիրուս չկա, և վարչապետը կամ որևէ այլ պաշտոնյա դիմակի բիզնես է անում: Փաշինյանը հորդորեց տուրք չտալ սուտ լուրերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Ֆեյսբուք»-ի իր ուղիղ եթերում:

«Ստի շրջանառությունը բավականին էական դեր է ունենում, երբ մարդիկ շարունակում են լուրեր տարածել, թե կորոնավիրուս չկա: Կորոնավիրուսի հաստատման առաջին օրից և դրանից առաջ էլ, մենք ոչ մի տեղեկատվություն ձեզանից չենք պահել: Դուք ըստ էության 100 տոկոսով կորոնավիրուսի մասին իմացել եք այն, ինչ իմացել է կառավարությունը: Կառավարությունն իր ունեցած ինֆորմացիան փոխանցել է ձեզ»,-վստահեցրեց Փաշինյանը:

Վարչապետը կոչ արեց տուրք չտալ սուտ լուրերին: Նա նկատեց՝ կեղծ լուրեր են տարածվում, թե իբր կառավարությունը, վարչապետը կամ որևէ այլ պաշտոնյա դիմակի բիզնես է անում: «Մի հատ էլ ասում են՝ ինչի՞ չեք հերքում: Ժողովուրդ ջան, այս ընթացքում ինչ ասես հերքեցինք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց՝ հերքել են շատ կեղծ լուրեր, օրինակ, թե կառավարական առանձնատան վրա ծախսել են 2 մլն դոլար, թե իբր տարբեր բիզնեսներ ունեն: «Հիմա ուզում եք հավատալ, հավատացեք: Եթե ձեր աչքի առաջ չի տեղի ունեցել այն, ինչ տեղի է ունեցել, հավատացեք»,-ասաց Փաշինյանն ու նկատեց՝ կեղծ մեղադրանքների շարքը շարունակվելու է, հաջորդիվ ասելու են, թե իբր ինքը կամ իշխանությունը ծախել է հողերը, ոսկիները, «փայ են մտել» բոլորի հետ:

Նա շեշտեց՝ ինքը վարչապետի աթոռին է նստած միայն ժողովրդի կամքով: «Ինչու՞ եք բերել ինձ այստեղ նստացրել, որ ես ռեկետ անե՞մ: Եթե այո, ուրեմն անում եմ, եթե ոչ, ուրեմն ոնց կարող է ընդհանրապես նման խոսակցություն լինել»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ նույնիսկ իշխանության կողմնակիցներն են նամակ գրում, հորդորում, որ իշխանությունը հերքում տարածի: «2 տարի է հերքում ենք տարածում: Կարո՞ղ է ամբողջ կյանքներս անցնի հերքում տարածելու վրա:  Ով ուզում է հավատա, թող հավատա: Ես այդ մարդկանց հետ կապ չունեմ:Եվ այս խոսակցությունները պետք է վերջացնել ի վերջո: Հիմա ես այս ամենը ասում են նրա համար, որ կորոնավիրուս կա: Եվ, երբ ասվում է, որ դիմակ է պետք կրել, նրա համար չի ասվում, որ դիմակից փայ ունենք: Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանի համապատասխան: Դա նրա համար է, որ պետք է»,-ասաց Փաշինյանն ու կոչ արեց, պահանջեց, որ յուրաքանչյուրը իրավիճակին վերաբերվի բացառիկ պատասխանատվությամբ:

Վարչապետը շեշտեց՝ տուգանքների գումարները գանձվելու են, հորդորեց մարդկանց չպատճառաբանել, թե սոցիալապես վատ վիճակում են: «Վատ վիճակում եք, պահեք կանոնները, սոցիալական հեռավորություն պահեք: Հիմա նաև աշխատանքների հնարավորությունը բացել ենք, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան աշխատել և իրենց իրենց առողջության մասին մտածել»,-ասաց նա:

Վարչապետը հորդորեց չդիմել իշխանությանը` անհեթեթ լուրերը հերքելու, թե իբր դիմակի բիզնեսում մասնաբաժին չունեն, մաքսանենգությամբ չեն զբաղվում և այլն: «Ով ուզում է հավատա, թող հավատա, գնա իր սիրելի իշխանության հետ բերի, երջանիկ ապրի, որ իշխանության մասին ոչ մի լուր սուտ չլինի»,-նկատեց Փաշինյանը: Նրա կարծիքով՝ դա իշխանության մասին ստերեոտիպից է գալիս: «Հիմա շատերը մտածում են՝ եթե իշխանություն լինեին, ինչ կանեին կամ որ իշխանություն են եղել, ինչ են արել. ռեկետ, մաքսանենգություն, սպանություն, բիզնես»,-ասաց Փաշինյանն ու նկատեց՝ մաֆիոզ մտածողությունը խորացած է: «Մտածում են՝ այս կաբինետում ինչ է արվում, իրենք լինեին՝ ինչ կանեին, եթե իրենք լինեին, «կհագցնեին»: Ես այդպես մտածողներից մեկը չեմ: Հանկարծ չփորձեք ինձ կապել ձեզ հետ, ձեր մտածողության հետ: Եվ ես ձեզ չեմ ներկայացնում»,-ասաց վարչապետն ու նշեց՝ որևէ բան չեն պատրաստվում հերքել:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]