Հասարակական

Ավինյանը մայիսի սկզբից դեպքերի քանակի ինստենսիվ աճը կապում է նաև թեստավորումների կտրուկ աճի հետ

3 րոպեի ընթերցում

Ավինյանը մայիսի սկզբից դեպքերի քանակի ինստենսիվ աճը կապում է նաև թեստավորումների կտրուկ աճի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մայիսի սկզբից սկսել է ավելի ինտենսիվ աճել ինչպես սահմանափակումների թուլացմամբ, այնպես էլ թեստավորումների կտրուկ աճով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը:

«Մարտի 1-ից մինչև օրս հաստատված դեպքերի պարզ դինամիկայից տեսանելի է, որ մարտ-ապրիլ ամիսներին, երբ տարբեր խստությամբ կիրառվում էին տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները, հարաբերականորեն հարթ դինամիկա է արձանագրվել: Մայիսի սկզբից դեպքերը սկսել են ավելի ինտենսիվ աճել՝ պայմանավորված նախ սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև թեստավորման ծավալների կտրուկ աճով: Վարակի ինտենսիվության կամ վերարտադրման գործակիցը մայիսի 5-ի դրությամբ կազմել է 1.48, այս գործակիցը հարաբերականորեն մնացել է նույն սահմանաչափի վրա: Վարակի տարածման ինտենսիվությունը հնարավոր է լինում մարել այն դեպքում, երբ գործակիցը փոքր է լինում 1-ից»,-ասաց պարետը:

Արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուց հետո գործակցի նվազագույնը արժեքը՝ այսինքն 1-ից փոքր, գրանցվել է մարտի վերջին, երբ առաջին անգամ կիրառվեցին տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները: Այնուհետև ապրիլի ընթացքում գործակցի արժեքն էականորեն չի փոխվել՝ չնայած այն հանգամանքին, որ սահմանափակումները պարբերաբար ավելի խստացվում էին, իսկ հետագայում՝ ավելի թուլացվում: Փոխվարչապետը նշեց՝ պատճառներից հիմնականը մարդկանց շարժով պայմանավորված տարածումն էր, որն ամսվա ընթացքում էական նվազում չէր ունեցել:

Հայաստանը նախատեսում է մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը: Մայիսի 25-ին դիմակների կրումը պարտադիր կլինի ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային փակ տարածքներում:

Կառավարությունըմայիսի 14-ի նիստում որշում է կայացրելՀՀ-ում2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում