Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Բարդ շրջափուլ ռուս-թուրքական հարաբերություններում

Բարդ շրջափուլ ռուս-թուրքական հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեսկզբից ռուս-թուրքական հարաբերությունները բավական բարդ շրջափուլ են մտել։ Երկկողմ օրակարգում առկա խնդրահարույց հարցերի քանակը ոչ միայն չի նվազում, այլ դրանք շարունակում են խորանալ։ Ստորև անդրադառնանք ռուս-թուրքական հարաբերություններում առկա հիմնական հարցերին, որոնք շարունակում եմ մնալ խնդրահարույց:

Սիրիական հակամարտություն

2020 թվականի սկզբից սիրիական հակամարտությունը նոր կարևորություն է ստացել ռուս-թուրքական հարաբերություններում։ Խնդիրը կայանում է նրանում, որ եթե հակամարտության նախորդ տարիների ընթացքում կողմերին հաջողվում էր հնավորինս խուսափել առճակատումից և համագործակցության եզրեր գտնել, ապա այժմ սիրիական հակամարտությունը թևակոխել է մի փուլ, երբ կողմերի շահերի բախումն արդեն թույլ չի տալիս հետաձգել կարևոր որոշումների կայացումը և բավարարվել ժամանակավոր լուծումներով։ Եվ մի շարք հարցեր, ինչպիսիք են քրդական խնդիրը, Սիրիայի տարածքային ամբողջականությունը, հակամարտության քաղաքական կարգավորումը, Անկարա-Դամասկոս փոխհարաբերությունները կամ ազդեցության գոտիների հստակեցումը, վերջնական կարգավորման կարիք ունեն, ինչը հավելյալ լարվածություն է առաջացնում ռուս-թուրքական հարաբերություններում՝ չնայած պաշտոնական հաղորդագրություններում սիրիական հարցում կողմերի միջև արձանագրվող «լիարժեք փոխըմբռնմանը»։

 

Լիբիական ճգնաժամ

Վերջին ամիսներին Մոսկվան և Անկարան շարունակում են մեծացնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական ներգրավվածությունը լիբիական ճգնաժամում՝ աջակցելով հակադիր ուժերի։ Թուրքական կառավարությունը, խորհրդարանի հավանությամբ, պաշտոնապես ուժեր է տեղակայել Լիբիայում և Ազգային համաձայնության կառավարությունը մատակարարում է զինամթերք, այդ թվում` մարտական ինքնաթիռներ և զրահատեխնիկա: Միևնույն ժամանակ, Անկարան գործի է դրել վարձու զինյալների մեխանիզմը. Սիրիայում իրականացվում է զինյալների հավաքագրում, որոնք այնուհետև վերապատրաստում են անցնում թուրքական ճամբարներում և 3-6 ամսով ուղարկվում Լիբիա, ինչի դիմաց ստանում են Թուրքիայի քաղաքացիություն և բարձր ֆինանսական վարձատրություն: Լիբիայում Թուրքիայի գործողությունների համակարգումը, ենթադրաբար, իրականացնում է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT)։ Թուրքիան փաստացի միակ ուժն է, որը տեղում ռազմական օգնություն է տրամադրում Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը։

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմը  Wagner ընկերության միջոցով ռազմական օգնություն է տրամադրում Լիբիայի ազգային բանակին։ 2020 թվականի ապրիլին Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը, գլխավորապես Թուրքիայի աջակցությամբ, զգալի առաջընթաց գրանցեց Լիբիայի ազգային բանակի դեմ պայքարում, ինչի արդյունքում լիբիական հակամարտությունը լարվածության նոր փուլ է թևակոխել։ Ռազմական պայքարին զուգահեռ Մոսկվայի և Անկարայի միջև մրցակցություն է ընթանում նաև տնտեսական և քաղաքական առումով (նավթի պաշարներով Լիբիան աշխարհում 9-րդ երկիրն է)՝ Լիբիայում սեփական դիրքերի ամրապնդման համար։ Եվ եթե սիրիական հակամարտության պարագայում կողմերին դեռևս հաջողվում է մշակված երկկողմ և բազմակողմ (Աստանայի գործընթաց) ձևաչափերի միջոցով իրավիճակը վերահսկելի պահել, ապա Լիբիայում երկկողմ հակասություններն իրավիճակի զարգացմանը զուգահեռ կարող են լուրջ խնդիր դառնալ՝ ազդելով ընդհանուր ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման վրա։

 

Ամերիկյան «գործոն»

Գաղտնիք չէ, որ ռուս-թուրքական հարաբերությունների խորացումը, հատկապես քաղաքական և ռազմական ոլորտներում, ի հայտ է բերում ամերիկյան կողմի զգալի հակազդեցությունը։ Մասնավորապես, վերջին ամիսներին ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման ռուս-թուրքական գործարքով պայմանավորված՝ մեծացել են ամերիկյան կողմի ճնշումները, ինչը հավելյալ լարվածություն է առաջացնում ռուս-թուրքական հարաբերություններում։ Ռուսական S-400 համակարգերը չգործարկելու դիմաց Վաշինգտոնն Անրարային առաջարկում է վաճառել Patriot համակարգերը։ Հատկանշական է, որ S-400 համակարգերի գործարկումը նախատեսվում էր իրականացնել 2020թ. ապրիլին, սակայն թուրքական կողմը հայտարարել է գործարկումը հետաձգելու մասին` թեև մարտի 5-ին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը վստահեցնում էր, որ դրանք ապրիլին գործարկվելու են։

Իհարկե, ռուս-թուրքական հարաբերություններում խնդրահարույց հարցերն այսքանով չեն ավարտվում, ինչպես նաև քիչ չեն դեպքերը, երբ կողմերին հաջողվում է համագործակցության եզրեր գտնել։

Վերոնշյալ բոլոր խնդիրները, ի թիվս այլոց, առաջիկայում մեծապես ազդելու են ռուս-թուրքական հարաբերությունների դինամիկայի վրա։ Եվ գաղտնիք չէ, որ ռուս-թուրքական հարաբերությունների թե´ մերձեցումը, թե´ սրացումը որոշակի մարտահրավերներ, ինչպես նաև հնարավորություններ են պարունակում Հայաստանի և հայկական շահերի տեսանկյունից։ Եվ այդ մարտահրավերներին դիմագրավելու և հնարավորություններից օգտվելու համար Հայաստանից այս գործընթացների նկատմամբ մշտական աչալրջություն է պահանջվում։

 

Արփինե Հովսեփյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ