Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Դոնի Ռոստովի հայ համայնքը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Դոնի Ռոստովի հայ համայնքը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնի Ռոստովի հայկական համայնքը միացել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դոնի հայ երիտասարդական միության ղեկավար Գևորգ Գրիգորյանն ասաց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ ինչպես բոլոր հայկական եկեղեցիներում, այնպես էլ Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն եկեղեցում ապրիլի 23-24-ին հիշատակի միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:

Գրիգորյանը նշեց, որ ապրիլի 23-ին, ժամը 21:00-ին, Ռոստովի եկեղեցում հնչել են զանգերը, մարդիկ անջատել են բնակարանների լույսերն ու մոմեր վառել պատուհանների մոտ: «Ապրիլի 24-ի կեսօրին մեկ րոպե լռությունից և երեք րոպե տևողությամբ եկեղեցական զանգերի հնչելուց հետո հարգանքի տուրք է մատուցվել զոհերի հիշատակին: Սուրբ Հարություն եկեղեցու տեր Տիրան քահանա Ավագյանն աղոթք է ընթերցել՝ ի հիշատակ սուրբ նահատակների»,-պատմեց նա:

Գևորգ Գրիգորյանը շեշտեց, որ ցեղասպանությունը հանցագործություն էր՝ ուղղված ոչ միայն հայ ժողովրդի, այլև առհասարակ մարդկության  դեմ: «Պարզապես անընդունելի է խաղաղ բնակչությանն անգթաբար ոչնչացնելը, հայ մտավորականությանը դաժանորեն գլխատելն ու հայ զինվորներին կեղծիքի միջոցով պատերազմ ուղարկելն ու վերացնելը: Մենք ատելության կոչ չենք անում, պարզապես հիշեցնում ենք, որ չենք մոռացել այս ամենն անգամ 105 տարի անց և չենք մոռանա»,-ընդգծեց երիտասարդական միության ղեկավարը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: 2020-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am