Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում ենք համամարդկային օրակարգի հարց․ Նիկոլ Փաշինյան

Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում ենք համամարդկային օրակարգի հարց․ 
Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն Ցեղասպանության  անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի  կապակցությամբ իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մեր ժողովրդի զավակներն աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերին: Ինչո՞ւ մեկ դար անց չեն մարում մեր զգացմունքները, իսկ մեր սրտերում էլ ավելի վառ է այրվում հիշատակի ճրագը: Պատասխանը պարզ է: Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները: Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում: Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ծանրագույն հանցագործություններից մարդկությանը պաշտպանելու՝ պետությունների պատասխանատվության վերահաստատման օր»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ ապրիլի 24-ն առաջին հերթին հայ ազգի, ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտածելու ամենապարտադրող առիթն է, ինքնաճանաչման, մեր ուժերի ու անելիքների գնահատման ամենահարմար պահը: «Ո՞րը պետք է լինի ուրեմն, ապրիլի 24-ից մեր հետևությունը: Առաջինը. 1915 թվականին երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել, բոլոր ուժերը նետվել են այդ դատավճռի ի կատար ածմանը, մեկուկես միլիոն հայի նկատմամբ այդ դատավճիռն ի կատար է ածվել, բայց հայ ժողովրդի նկատմամբ ի կատար ածել չի հաջողվել: Մեկուկես միլիոն մեր սրբադասված նահատակները, ըստ այդմ, ավելի են ուժեղացրել ապրելու, արարելու, հզորանալու, հիշելու և պահանջելու մեր կամքը, և հայ ժողովուրդը հաղթել է մահվանը: Երկրորդ և նույնքան կարևոր հետևությունը հետևյալն է. նախորդ դարասկզբին մեր ժողովրդին նետված մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն: Եվ այդ մարտահրավերներից ոչ թե մազապուրծ լինելու, այլ դրան արդյունավետ կերպով դիմակայելու միակ միջոցն ու գործիքն ուժեղ պետականությունն է, հզոր պետությունը, այնպիսի Հայաստանը, որը պատրաստ է դիմակայել անվտանգության բոլոր սպառնալիքներին: Այո, մենք պետք է ջանք չխնայենք տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, բոլոր տարաձայնություններն ու հակամարտությունները փոխադարձ հարգանքի հիման վրա, բանակցային գործընթացներով, խաղաղ միջոցներով լուծելու համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը: «Այո, մենք չպետք է ջանք խնայենք, որ մեր դաշնակիցների հետ մեր հարաբերությունները խորանան, դառնան ավելի ինստիտուցիոնալ և հուսալի, աշխարհում մեր բարեկամների թիվը շատանա: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը: Իսկ ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ռազմարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ և հատուկ ծառայություններ, իսկ այսպիսի արդյունքի հասնելու համար հարկավոր է  համահայկական ներուժի համախմբում»,- հավելեց վարչապետ Փաշինյանը:

Նրա գնահատմամբ՝ համահայկական ներուժի պետականության շուրջ համախմբման միջոցով, այնպիսի համախմբման միջոցով է հնարավոր դա անել, որը կդառնա մեր պետականության գիտական, դիվանագիտական, տնտեսական առաջընթացի խթան ու երաշխիք: «Այս գործնական խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք ձևակերպել մեր ազգային հայեցակարգը, մեր ազգային գաղափարախոսությունը, տեսլականը, որը համազգային համաձայնություն կձևավորի մեր ազգային արժեքների, ազգային նպատակների և ազգային ռազմավարության շուրջ, որը մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու, զարգացնելու, ժամանակակից աշխարհի և առավել ևս վաղվա աշխարհի պայմաններում էլ ավելի կենսունակ ու մրցունակ դարձնելու երաշխիքներ կստեղծի: Առաջիկայում հենց այսպիսի հայեցակարգի և ռազմավարության նախագիծ կներկայացնեմ համահայկական քննարկման»,- նշեց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am