Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Covid-19 Armenia-ով օնլայն թեստ անցած անձանցից մոտ 4900-ը հայտնվել է կարմիր գոտում

Covid-19 Armenia-ով օնլայն թեստ անցած անձանցից մոտ 4900-ը հայտնվել է կարմիր 
գոտում
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Covid-19 Armenia հավելվածով առողջական վիճակի գնահատման օնլայն թեստ անցած անձանցից 4900-ը հայտնվել է կարմիր գոտում, 21 անձ ուղարկվել է թեստավորման, ապրիլի 8-ին չորս անձի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 13-ին ընթացող Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։
«Այս պահի դրությամբ` ունենք 60 հազար ներբեռնում, մոտ 4900 թեստի արդյունքներ գտնվել են կարմիր գոտում, 1600-ից ավելի անձանց հետ կապ է հաստատվել, ավելի խորը վերլուծության արդյունքում 21 հոգի թիրախավորվել են, նրանց ուղարկել ենք թեստավորման, 4 անձի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս»,- ասաց Ավինյանը։
Covid-19 Armenia հավելվածը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Հավելվածի ամենակարևոր կետն օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է մարդու առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս, թե ինչ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ են հաստատում պարետատան համաճարակաբանները և անցկացնում հարցազրույց, որի արդյունքում որոշում, թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Covid-19 Armenia-ն բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի մեր գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասին, կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը և այլն:
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Վիրուսից ապաքինվել է 211 անձ, մահացել` 14-ը։ Փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։
Նորայր Շողիկյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]