Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները․ ի՞նչ են առաջարկում հայ տուրօպերատորները

Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները․ ի՞նչ են առաջարկում 
հայ տուրօպերատորները

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այն, որ զբոսաշրջությունն էականորեն անկում է ապրելու, փաստում են հենց ոլորտի մասնագետները, տուրօպերատորները, սակայն միաժամանակ հուսադրում, որ նվազագույն կորուստներով հնարավոր կլինի չեզոքացնել կրած վնասները, եթե ոլորտի հանդեպ ցուցաբերվի պատշաճ աջակցություն եւ ռազմավարական կարեւորություն տրվի նոր մրցակցային տուրիստական պրոդուկտների մշակման ու մարքեթինգային նոր գործիքակազմ մշակելու գործընթացներին։

Թեպետ կորցրեցինք տուրիզմի ամենանպաստավոր ու թեժ շրջանում՝ ապրիլից Հայաստան ակնկալվող բազմահազարանոց զբոսաշրջային այցելությունները, սակայն հայ տուրօպերատորները դեռ լավատես են, հուսով են՝ առջեւում դեռ ամառ ունենք, ջերմ արեւ, եւ չի բացառվում, որ հուլիսից մինչեւ հոկտեմբեր, այդուհանդերձ, որոշ հոսքեր լինեն։ Նշենք, որ ՀՀ կառավարության ընդունած աջակցության 9 ծրագրից առաջինը, երրորդը եւ ութերորդը վերաբերում են հենց տուրիզմի ոլորտին։ Աջակցություն տրվելու է արտոնյալ վարկերի եւ աշխատակիցների աշխատավարձերի վճարման տեսքով։ Ընդ որում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հյուրանոցային ոլորտը եւս տուրիզմի մի մասն է կազմում, եւ քանի որ կորոնավիրուսի կանխարգելման համար շատերին հյուրանոցներ են տեղափոխել, դրանք եւս աջակցություն կստանան։

Ի՞նչ աջակցություն են ակնկալում ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունները եւ ի՞նչ հնարավոր զարգացումներ ու կանխատեսումներ են արվում ոլորտում։ Այս հարցերի ծուրջ «ՀՀ»-ն զրուցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի համահիմնադիր, «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի անդամ, ներգնա տուրիզմի փորձագետ Հայկ Գրիգորյանի հետ։

Ներգնա զբոսաշրջային առումով Հայաստանի համար հիմնական շուկան դիտարկվում է Եվրոպան, մասնավորապես՝ ամենատուժած երկրներից, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, որոշ չափով՝ Իսպանիան, որտեղից սովորաբար յուրաքանչյուր տարի ամենամեծ հոսքն էր ապահովվում։ Եթե իրավիճակը շարունակի նույն դինամիկան պահպանել, ապա, ըստ փորձագետի, դժվար կլինի ակնկալել, որ առաջիկայում օտարերկրյա զբոսաշրջիկը ցանկություն հայտնի ճամփորդելու։

«Մենք պետք է մտածենք, թե երբ են միջազգային զբոսաշրջային ընկերությունները վերադառնալու հայկական շուկա, այս պահին չվերթները դադարեցված են, եւ արտաքին աշխարհի հետ Հայաստանը նման հաղորդակցություն չունի։ Կոնկրետ մեր ընկերությունն ամեն տարի միջինը 6-8 միջազգային ցուցահանդեսի է մասնակցում՝ յուրաքանչյուրի համար 4-5 հազար եվրո ներդնելով, չհաշված պետության համաֆինանսավորման մասնաբաժինը։ Ի դեպ, այս մեխանիզմով աշխատում են ներգնա տուրիզմով զբաղվող բոլոր խոշոր ընկերությունները։ Այժ ունենք այն պատկերը, երբ զբոսաշրջային սեզոնը «կորած» է համարվում, եւ շուրջ մեկ տարի ընկերությունները պետք է աշխատեն 2021 թ.՝ նոր զբոսաշրջային սեզոնի համար։ Այս պարագայում առկա ծախսերը թույլ չեն տա շատ ընկերությունների շուրջ մեկ տարի գոյատեւել սեփական ռեսուրսների հաշվին։ Պետության կողմից առաջիկա ծախսերի սուբսիդավորումը, բնականաբար, էականորեն կթեթեւացնի ֆինանսական բեռը, եւ ավելի շատ փոքր կազմակերպությունների համար շոշափելի օգնություն կլինի արտոնյալ վարկերից օգտվելը»,–ասաց Հայկ Գրիգորյանը։

Եթե մայիսին հաջողվի վերադառնալ կյանքի բնականոն հուն, ապա չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ զբոսաշրջային որոշակի հոսքեր դեռ պահպանվեն։ Ի դեպ, Եվրոպայից այցելությունների ամենաթեժ շրջանը սեպտեմբերից հոկտեմբեր ամիսներն են, եւ, ըստ Հ. Գրիգորյանի, սեպտեմբերի համար կան ամրագրումներ, որոնք դեռեւս չեն չեղարկվել։ Որպեսզի Հայաստանի վարկանիշը, որպես զբոսաշրջային երկրի, միջազգային քարտեզում անկում չարձանագրի, ներգնա տուրիզմի փորձագետի դիտարկմամբ՝ առավել հավակնոտ պրոդուկտներ պետք է մշակվեն։

«Այժմ էլ ավելի մեծ է լինելու մրցակցությունն աշխարհի հետ, եւ պատկերացրեք՝ որքա՞ն ագրեսիվ մրցակցություն է ընթանալու համավարակի վերացումից հետո։ Խիստ է լինելու հատկապես տարածաշրջանային երկրների հետ մրցակցությունը։ Ուստի պետք է մեր բոլոր ուժերը համադրենք, գովազդային արշավների թիվը կրկնապատկենք, գնային առաջարկները վերանայենք, որպեսզի կարողանանք զբոսաշրջիկի հետաքրքրությունը մեծացնել Հայաստանի ուղղությամբ»,–մատնանշեց Հ. Գրիգորյանը։

Որպեսզի ներգնա խոշոր տուրօպերատորները կարողանան բնականոն աշխատանքի վերադառնալ եւ ստիպված չլինեն աշխատակիցների կրճատել, նա առաջարկում է բիզնես տրամաբանության գաղափարին հետեւել։ 24 տարի բարեխիղճ հարկատու լինելու եւ 49 գրանցված աշխատակից ունենալու փաստը մատնանշելով, ներգնա տուրիզմով զբաղվող ընկերության ղեկավարը, օրինակ, աշխատելով ԱԱՀ հարկատեսակով, առաջարկում է նախորդ տարում վճարած շահութահարկի վերադարձման մեխանիզմ կիրառել՝ այդպիսով մոտիվացնելով ընկերություններին՝ առավել ռազմավարական մոտեցում մշակելու համար։

«Եթե, օրինակ, մեզ վերադարձվի վճարված շահութահարկի 20 տոկոսը, մենք եւ նմանատիպ այլ ընկերություններ կշարունակենք առաջիկա 25 տարիներին դարձյալ բարեխիղճ հարկ վճարել եւ գոյացած արժեքից, յուրաքանչյուր տուրիստի՝ Հայաստանում ծախսած գումարի արդյունքում, նպաստել եւ մուլտիպլիկատիվ էֆեկտ հաղորդել ողջ ինդուստրիային։ Յուրաքանչյուր տուրիստ մոտ 770 ԱՄՆ դոլար է ծախսում Հայաստանում, եւ եթե անցած տարի ունեցել ենք մոտ 1 մլն 800 հազար զբոսաշրջիկ, ապա պատկերացրեք՝ որքան գումար է Հայաստան մտնում միայն տուրիզմի ինդուստրիայի շնորհիվ։ Եվ եթե այդ գումարի մի չնչին տոկոսը, որը հարկ է վճարվել, պետությունը վերադարձնի տնտեսավարողին, շուկայի հիմնական «խաղացողներին», ապա մեկ տարվա ընթացքում այդ ընկերությունները կկարողանան նորից ոտքի կանգնել եւ չեզոքացնել այս ընթացքում կրած վնասները»,— ասաց ներգնա տուրիզմի փորձագետը՝ հավելելով, որ Հայաստանը շահեկան դիրքում կհայտնվի, եթե գովազդային արշավներն էլ ավելի արդյունավետ, թիրախային ու մրցակցային լինեն։

 

Լուսինե Նազարյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am