Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Փորձում ենք խուսափել հնարավոր կուտակումներից. Ստեփանակերտի 1/24 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ

Փորձում ենք խուսափել հնարավոր կուտակումներից. Ստեփանակերտի 1/24 
ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջում տեղակայված 1/24 ընտրատեղամասում ժամը 12:30-ի դրությամբ քվեարկել է 450 ընտրող:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին ասել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նորա Թամրազյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, ընտրատեղամասում գրանցված է 1210 ընտրող, լրացուցիչ ցուցակում` ևս 19 ընտրող:

«Պետք է նշեմ, որ ընտրատեղամասում նկատվում է ընտրողների ակտիվ հոսք: Իհարկե, կուտակումներ լինում են, սակայն փորձում ենք խուսափել և մեր ընտրողներին էլ կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին: Քաղաքացիները գիտակցում են, որ առկա պայմաններում պետք է հետևել անվտանգության կանոններին, որպեսզի ապահով պայմաններում իրացնեն իրենց ընտրական իրավունքը: Համոզված եմ՝ ընտրություններում ակտիվություն կլինի օրվա ընթացքում»- ասել է Թամրազյանը:

Արցախում մարտի 31–ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։

Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ. 

  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
  2. «Միասնական հայրենիք» կուսակցություն 
  3. «Անկախության սերունդ» կուսակցություն 
  4. «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն 
  5. Արցախի հեղափոխական կուսակցություն
  6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք 
  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն
  8. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
  9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
  10. Արցախի պահպանողական կուսակցություն
  11. Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
  12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am