ԱԺ-ն քննարկում է պետության կարիքների համար ձեռք բերվող լամպերը էներգախնայող դարձնելու օրինագիծը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է լինեն էներգախնայող:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի նիստում «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Նախագծով օրենսդրորեն ամրագրվում է, որ պետության կարիքների ապահովման նպատակով այսուհետև ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները:
Փետրվարի 13-ի ԱԺ նիստում օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 113 կողմ և 2 ձեռնպահ ձայներով: