Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Լճափ գյուղում կիրականացվի արոտների ջրարբիացման ծրագիր

Լճափ գյուղում կիրականացվի արոտների ջրարբիացման ծրագիր

ԳԱՎԱՌ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում են համայնքապետերի՝ 2019 թվականին  իրականացված եւ 2020 թվականին ծրագրված աշխատանքների  վերաբերյալ հաշվետու հանդիպումները:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հերթական հաշվետու հանդիպումը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքում, որին մասնակցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Լճափ համայնքի ղեկավար Արսեն Հովսեփյանը, հանդես գալով համայնքի ավագանու եւ բնակչության առջեւ, ներկայացրեց համայնքի ձեռքբերումները, որոնք արձանագրվել են նախորդ տարվա ընթացքում: Ըստ համայնքի ղեկավարի, ով պաշտոնը ստանձնել է նախորդ տարվա հոկտեմբերի կեսերից, առավել ուշադրություն է սեւեռվել սեփական եկամուտների հավաքագրմանը: §Մեզ հաջողվեց տեղական բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը հասցնել 82 տոկոսի:Հավաքագրված միջոցները եւ պետության կողմից տրամադրված դոտացիան, որը կազմել է 10 միլիոն 52 հազար դրամ, ուղղվել է համայնքապետարանի եւ ենթակա հիմնարկների գործունեության ապահովմանը, ինչպես նաեւ՝ սոցիալ-տնտեսական նշանակության որոշ խնդիրների կարգավորմանը:

Հիմնանորոգվել է գյուղի արարողությունների սրահը, որի ուղղությամբ ծախսվել է 3 միլիոն 726 հազար դրամ, եւ ընդարձակվել լուսավորվածության ցանցը, մշակույթի տանը  «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ համագործակցությամբ բացվել է արհեստագործական կենտրոն: Այս տարի համայնքի համար կարեւորագույն երկու խնդիր ունենք լուծելու՝ արոտների ջրարբիացում եւ ներհամայնքային ճանապարհների նորոգում: Երկու դեպքում էլ ակնկալում ենք պետության աջակցությունը¦,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: Համայնքի բնակչության հետ հաշվետու հանդիպման շուրջ իր կարծիքը հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Նման հաշվետվությունները շատ ենք կարեւորում, որպեսզի համայնքի յուրաքանչյուր բնակչի համար պարզ լինի, թե ինչի վրա են ծախսվում իրենց մուծած հարկերը, որպեսզի բոլորիս էլ պարզ լինի, թե որքանով են արդարացված այդ ծախսերը: Դուք պետք է հստակ իմանաք ու չկասկածեք, որ ձեր մուծած յուրաքանչյուր դրամ համայնքի համար դառնալու է նորոգված ճանապարհ կամ ջրագիծ, կենսական նշանակության այլ ծրագիր: Դրա համար էլ կոչ եմ անում՝ ամբողջությամբ կատարել ձեր հարկային պարտավորությունները, ապա՝ վերահսկել ու պահանջել: Այդ դեպքում գործն անպայման տեղից կշարժվի»,- առաջարկեց Գնել Սանոսյանը:

Համայնքի բնակիչներն առաջ քաշեցին Լճափի արոտների ջրարբիացման խնդիրը, նշելով, որ այն այսօր բնակիչների համար դարձել է ամենակենսական խնդիրը: Երկրորդ հարցը, որ առավել անհանգստացնում է լճափցիներին գյուղի կենտրոնական ճանապարհի 2,5 կիլոմետրանոց հատվածի եւ երկրորդային նշանակության փողոցների անբարեկարգ վիճակն է: Մարզպետը վստահեցրեց համայնքի բնակիչներին, որ երկու դեպքում էլ պետությունը կցուցաբերի աջակցություն:

  «Արոտների ջրարբիացման ծրագիրը Լճափում ձգձգվել է միայն գյուղատնտեսության նախարարության վերակազմակերպման պատճառով: Հիմա մենք համագործակցում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ ու անելու ենք հնարավորը, որպեսզի արոտների ջրարբիացման ծրագիրն այս տարվա ընթացքում իրականացնենք: Այժմ դիտարկում ենք ծրագրի իրականացման մի քանի տարբերակ, որոնցից մեկի վրա կանգ կառնենք ընդհանուր քննարկման արդյունքում: Ինչ վերաբերում է կենտրոնական  եւ երկրորդային նշանակության  ճանապարհների հիմնանորոգմանը, այս տարի կկարողանաք աջակցություն ցուցաբերել՝ ֆրեզված ասֆալտի հումքի տրամադրմամբ, որով հնարավոր կլինի իրականացնել գյուղամիջյան ճանապարհների մասնակի նորոգումներ, մինչեւ որ կապիտալ շինարարության համար գտնվեն համապատասխան միջոցներ»,-նշեց մարզպետը, հավելելով, որ համայնքի կողմից գարնանացան սերմացուների տրամադրումը, ըստ համայնքի կողմից ներկայացված պահանջարկի, կկատարվի ժամանակին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am