Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետությունն աշխատում է ապահովելու համար սպանդանոցների ոչ թե քանակ, այլ հասանելիություն ամենուր

Պետությունն աշխատում է ապահովելու համար սպանդանոցների ոչ թե քանակ, այլ 
հասանելիություն ամենուր

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սերտորեն աշխատում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ ուղղորդելու տնտեսավարողներին, որ հանրապետությունում ապահովեն սպանդանոցների ոչ թե պարզապես քանակ, այլ հասանելիություն՝ ամենուր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:

«Սերտ աշխատում են ՏԻՄ-ի հետ: Նրանց խնդրում ենք երկշաբաթյա ռեժիմով ուղարկել սպանդանոց հիմնել ցանկացող տնտեսավարողների ցանկը, նաև տեղաբաշխվածությունը, թե որտեղ են ուզում հիմնել սպանդանոցը: Մեր հիմնական նպատակն է , որ քարտեզագրումից հետ ունենանք սպանդանոցների հասանելիություն, ոչ թե քանակ»,-վստահեցրեց Գաբրիելյանը:

Այս ամիսների ընթացքում 87 հոգի իրապես դիմել է սպանդանոց կառուցելու համար: Նրանց ¼-րդը հիմնելու են սպանդանոցներ՝ սեփական կարիքների համար, իսկ ¾-ը լինելու են ծառայություն մատուցող սպանդանոցներ: Մոտ 51-ը կառուցման ընթացքում են, դրանցից մեկը ավարտված է: Փոխնախարարը նկատեց՝ այդ սպանդանոցները հիմնվում են հավասարապես՝ և սեփական միջոցներով և պետական օժանդակությամբ:

Գաբրիելյանը նկատեց՝ թեև կառուցման փուլում գտնվող սպանդանոցներ կան, սակայն դեռ 30 կմ շառավղով սպանդանոցային հասանելիության ապահովելու խնդիր ունեն: Այսպիսով նախարարությունը հորդորում է ՏԻՄ-ին, որպեսզի ներդրողներին ուղղորդեն առաջնորդվել այդ քարտեզով, հիմնել սպանդանոցներ այնտեղ, որտեղ հիմնելով հնարավոր կլինի ապահովել սպանդանոցային հասանելիություն:

Գաբրիելյանը նշեց՝ քարտեզագրումն արել են այն սկզբունքով, որ նաև որևէ մարզի սպանդանոց կարողանա սպասարկել շատ մոտ մեկ այլ մարզի մի հատվածի: Տնտեսավարողները ցանկություն են հայտնել 3 սպանդանոց կառուցել Աշտարակում, սակայն բաց կա օրինակ Ծաղկահովիտում, Թալինում և այլուր: «Եթե ուղղորդեն, ասեն այսինչ տեղը կառուցիր, խնդիրը չենք ունենա: Եթե 3 հատ իրար կողքի կառուցեն, դա էլ է խնդիր, մեկը մյուսի ձեռքից փախցնելու են, բիզնեսը մեռնելու է»,-ասաց փոխնախարարն ու կրկին շեշտեց՝ իրենց պետք է ոչ թե քանակ, այլ հասանելիություն:

2020 թվականին հունվարի 15-ից մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն էր սահմանվել, արգելվել էր բակային մորթը: Սա սակայն հարուցել էր որոշ անասնապահների և մսավաճառների դժգոհությունը, նրանք ակցիաներ էին իրականացնում՝ չցանկանալով մորթն իրականացնել սպանդանոցներում: Նրանք մատնանշում են որոշ խնդիրներ, այդ թվում՝ կենդանիներ տեղափոխելն ու սպանդանոցների քիչ լինելը: Այս բողոքներին արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ բողոքող քաղաքացիների համար առաջարկ էր արել: Նա մասնավորապես հայտնել էր, որ գործադիրը մտադիր է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ իր որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը` բացառությամբ Երևանի սուպերմարկետների և հանրային սննդի վարերի: Վարչապետը նաև նշել էր, որ մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ: Բացի դրանից, կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և կփորձենք առավել հասցեական ֆինանսավորել այն նախագծերը, որոնք այն սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am