Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանյան մի քանի թատրոնում կներկայացվի Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» բեմադրությունը

Երևանյան մի քանի թատրոնում կներկայացվի Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի 
զարկերը» բեմադրությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ մարտի 3-ին և 4-ին տեղի կունենա ըստ Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը կկայանա թատրոնի միջազգային օրվան ընդառաջ:

Պրեմիերան կլինի մարտի 3-ին և 4-ին Տիկնիկային թատրոնում, ինչպես նաև ապրիլի 29-30-ին:

Մարտի 3-ի դերասանական կազմում  են Արտաշես Շահվերդյանը, Հայկուհի Խուդավերդյանը, Գեորգի Հովակիմյանը, Վանիկ Մկրտչյանը, Կարեն Մարտիրոսյանը, Մարիետա Դովլաթբեկյանը, Հրայր Եղիազարյանը: Մարտի 4-ին բեմ կբարձրանան Դավիթ Հակոբյանը, Էվելինա Շահիրյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Սամվել Բաղինյանը, Կարեն Մարտիրոսյանը, Մարիետա Դովլաթբեկյանը, Հրայր Եղիազարյանը:

«Այս ներկայացումը թատրոնի միջազգային օրվան ընդառաջ շնորհակալության ժեստ է մեր անվանի արտիստներին, ովքեր իրենց ամբողջ գիտակցական կյանքը նվիրել են այս մասնագիտությանը, ում վաստակն այս թատերական մշակույթի առաջընթացի մեջ անուրանալի է:  Շատ ուրախ եմ նման ձևաչափում ներկայացում ստեղծելու համար: Ներկայացման ժամանակ բեմ են բարձրանալու դերասաններ տարբեր թատրոններից՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան Համազգային, Դրամատիկական, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոններից»,- նշեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Խզմալյանը և հավելեց, որ ներկայացումը «շրջիկ» ձևաչափով է լինելու, քանի որ այն խաղալու են նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոններում:

Խզմալյանը հորդորեց դերասաններին, որպեսզի ներկայացումը բեմադրվի նաև տարբեր մարզերում և վստահեցրեց, որ իրենք այդ առումով կաջակցեն:

 Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը շնորհակալություն հայտնեց այն անձանց, ովքեր արձագանքել են իր առաջարկին և աջակցել նմանատիպ ներկայացում ստեղծելու հարցում:  

«6 թատրոնից դերասան է ընդգրկված մեկ ներկայացման մեջ: Սա շատ ժամանակակից գաղափար է: Պետք է կարողանանք այնպես անել, որպեսզի տարբեր թատրոնների դերասաններ հնարավորություն ունենան ազատ գործելու, միմյանց հետ շնչելու: Այսպիսի ներկայացումները երիտասարդների համար հրաշալի դպրոց են»,- ասաց Բաբայանը:

«Ժամացույցի զարկերը» ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը շեշտեց, որ տվյալ պիեսն ընտրվել է, քանի որ այն շատ հետաքրքիր էր, էմոցիոնալ դաշտն էլ շատ դրական:

«Այս ստեղծագործությունը հնարավոր է խաղալ, իսկ դա շատ կարևոր փաստ է դերասանի համար»,- ասաց Մովսեսյանը:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացումը խաղալու են մարտի 22, 24, 28-ին, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում՝ ապրիլի 5, 6, 10-ին:

Բեմադրության նկարչական ձևավորումն իրականացրել է Կարինե Բաբայանը, ռեժիսորի օգնականը Հրաչյա Գյումբալյանն է, իսկ ռեժիսորը՝ Սամսոն Մովսեսյանը:

Ներկայացումը բեմադրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am