Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ազգային գրադարանը ցերեկույթով տոնեց հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակը

Ազգային գրադարանը ցերեկույթով տոնեց հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու 
ծննդյան 175-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակախոս, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակի կապակցությամբ փետրվարի 27-ին Հայաստանի ազգային գրադարանում Արծրունուն նվիրված միջոցառում կազմակերպվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Գրիգոր Արծրունու կյանքն ու գործունեությունը ներկայացրեց գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ Մայա Գրիգորյանը:

Նրա խոսքով`Գրիգոր Արծրունու ամենամեծ ձեռքբերումը «Մշակ» լրագրի ստեղծումն էր, որում նա ներկայացնում էր հասարակության վերափոխման, զարգացման նախադրյալները: «Թերթի հիմնադրմամբ Արծրունին կարողացավ իր շուրջ համախմբել ժամանակի առաջադեմ հասարակական գործիչների, գրողների, որոնց թվում էին Ալեքսանդր Շիրվանզադեն, Պերճ Պռոշյանը, Գաբրիել Սունդուկյանը, Ղազարոս Աղայանը և այլք»,-նշեց Մայա Գրիգորյանն ու հավելեց, որ Արծրունին նորովի էր ներկայացնում արևմտահայության խնդիրը, կարծում էր, որ դպրոցն անհրաժեշտ է տարանջատել եկեղեցուց, կարևորում էր ուսանողության դերը հասարակության զարգացման գործում և շեշտում, որ անհրաժեշտ է օգտագործել նրանց  ներուժը:

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկավ Արծրունիների տոհմի ներկայացուցիչ, երգիչ-երգահան Վահան Արծրունին, որը, խոսելով Գրիգոր Արծրունու «Մշակ» թերթի մասին, ասաց` 19-րդ դարում  թերթը հասարակական կյանքի բոլոր խմորումների կենտրոնում էր, քանի որ հաղորդակցման այլ հնարավորություն չկար, չկային ազգային գաղափարները ներկայացնելու այլ միջոցներ: «Այդ շրջանում ձևավորվեցին հիմնական պատկերացումները ազգային դպրոցի, գաղափարախոսության և պետականության անհրաժեշտության գիտակցության մասին: «Մշակը» և’ հասարակական, և’ մշակութային կյանքի լուրջ հանգույց էր, որում տպագրվում էին գեղարվեստական գրական գործեր, կային գրաքննադատական, թատերագիտական նյութեր: Ըստ իս`Գրիգոր Արծրունուն արժևորելը շատ կարևոր է նախ և առաջ մեր կապը  անցյալի հետ զգալու, հետո էլ մեր ներկան այդ անցյալով կարևորելու համար»,-ընդգծեց Վահան Արծրունին:

Երգահանը ցերեկույթին կատարեց իր և Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունների հիման վրա գրված երգերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am