Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Կառավարությունը հավանություն տվեց գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թթ. միջոցառումների ծրագրին

Կառավարությունը հավանություն տվեց գործարար միջավայրի բարելավման 2020-2023 
թթ. միջոցառումների ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թթ. միջոցառումների ծրագրին: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2018-2019թթ. Հայաստանն իրականացրել է բազմաթիվ բարեփոխումներ՝ բարելավելով գործարարության կարգավորման դաշտը: 

Մասնավորապես՝ ըստ «Գործարարություն» զեկուցի եզրահանգումների, Հայաստանը վերջին տարիներին նշանակալի բարեփոխումներ է իրականացրել սեփականության գրանցման, հարկերի վճարման, արտաքին առևտրի և էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման ոլորտներում։ Կատարվել են նաև մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ սնանկության ճանաչման և վարկերի ստացման գործընթացներում առաջընթաց ապահովելու նպատակով։ 

Համաշխարհային բանկի կողմից 2019 թ. հոկտեմբերի 24-ին հրապարակած` «Գործարարություն 2020» վարկանիշային զեկույցի տվյալներով՝ Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցնում է 47-րդ տեղը՝ 2019 թվականի 41-րդ տեղի փոխարեն: «Գործարարություն 2020» վարկանիշային զեկույցում Հայաստանի դիրքի վատթարացման պատճառը Համաշխարհային բանկի գնահատման մեթոդաբանության փոփոխությունն է, որի արդյունքում «Փոքր բաժնետերերի պաշտպանության» ցուցիչի մասով Հայաստանի համար «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշը նվազել է՝ գնահատվելով 42 միավոր` նախորդ տարվա 63.33-ի փոխարեն, իսկ դիրքը 51-ից դարձել է 120։ 

«2020-2023 թթ. միջոցառումների ծրագրով յուրաքանչյուր ցուցիչի մասով կազմվել են թիրախային միջոցառումներ՝ «Գործարարություն 2021», ինչպես նաև հետագա զեկույցներում երկրի դիրքը բարելավելու նպատակով։ Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Նախատեսվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Խաչատրյանը: Միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը և կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am