Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնին հնչելու են կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունները

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնին հնչելու են կոմպոզիտորի 
բազմաժանր ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Բեթհովենի 250-ամյակի կապակցությամբ նախաձեռնել է «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն»  փառատոնը, որի շրջանակում անցկացվելու են ոչ միայն համերգային ծրագրեր, այլև գիտաժողովներ, մասնագիտական քննարկումներ և այլ միջոցառումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին նախաձեռնության հեղինակներն ու աջակիցները:

«Մենք հաճախ ենք խոսում, որ եվրոպական արժեքներ կրող, այդ արժեքները պահպանող երկիր ենք, բայց  այդ ձևակերպումները խորքային մեկնաբանություն չեն ստանում: Կարծում եմ`Բեթհովենն այն տիեզերական մեծության անունն է, որին առնչվել ենք դասական երաժշտության ձևավորման ամբողջ պատմության ընթացքում: Փառատոնը փայլուն առիթ է, որ մենք և մեր երաժշտասեր հասարակությունը, պրոֆեսիոնալ երաժշտական հանրությունը հերթական անգամ ընդգծեն,  որ ոչ միայն ունենք ազգային արժեքներ, այլև միջազգային արժեքներն ենք դարձնում ազգային»,-ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Փոխնախարարի կարծիքով`փառատոնը հրաշալի առիթ է ասելու, որ մենք եվրոպական արժեհամակարգի, քաղաքակրթության ու մշակույթի հետ խոսում ենք նույն լեզվով, հասկանալի լեզվով:

Խզմալյանը տեղեկացրեց, որ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն»  նախաձեռնությունը արժանացել է պետական դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի հավանությանը: Նա նշեց, որ մեծ ուշադրություն են դարձնելու փառատոնի միջազգային լուսաբանմանն ու միջազգային հանրության իրազեկմանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան էլ հիշեցրեց, որ նախաձեռնության գործում մեծ դերակատարություն ունի նաև դիրիժոր Զավեն Վարդանյանը:

Անդրադառնալով ծրագրին` նա ասաց, որ կատարելու են Բեթհովենի բոլոր սիմֆոնիկ ստեղծագործությունները, կոնցերտները, կամերային երաժշտությունը, թավջութակի, դաշնամուրի, ջութակի սոնատները, կվարտետային գործերը:

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնին նվագախումբը կհնչեցնի Բեթհովենի ինը սիմֆոնիաները, մի շարք կոնցերտներ, Հայաստանի տարբեր համերգասրահներում կներկայացնի կոմպոզիտորի կամերային և վոկալ ժառանգությունը: Փառատոնին, բացի Ֆիլհարմոնիկ նվագախմբից, հանդես կգան նաև հայաստանյան այլ առաջատար կոլեկտիվներ, և ասուլիսին մանրամասներ կբացահայտվեն նաև նրանց մասնակցության վերաբերյալ:

Փառատոնի շրջանակում Դիլիջանում կանցկացվի երկօրյա գիտաժողով՝ Եվրոպայից հրավիրված բեթհովենագետների մասնակցությամբ, կիրականացվեն բազում հետաքրքիր միջոցառումներ: Բեթհովենյան փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը և Էդուարդ Թոփչյանը:

Փառատոնը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am