Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Իրանի քաղաքական ուժերի դասավորությունը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին

Իրանի քաղաքական ուժերի դասավորությունը խորհրդարանական ընտրությունների 
նախաշեմին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 21-ին Իրանում տեղի են ունենալու 11-րդ գումարման Մեջլիսի ընտրությունները, որոնք անցկացվում են Իրանի համար վճռորոշ մի ժամանակաշրջանում, երբ երկիրը կանգնած է արտաքին լուրջ մարտահրավերների առջև, իսկ ներքաղաքական կյանքում տեղի են ունենում վերադասավորումներ: Եթե 2016թ. ընտրությունների արդյունքում բարեփոխականների կազմած դաշինքը ստացավ 42 տոկոս ձայն, ապա ներկայումս ընթացող գործընթացները վկայում են, որ նոր խորհրդարանում մեծամասնություն կկազմեն պահպանողականները:

Խնդիրն այն է, որ բարեփոխականների մեծ մասը, գիտակցելով, որ չի ստանալու Սահմանադրության պահապան խորհրդի (ՍՊԽ) հավանությունը, չի առաջադրել իր թեկնածությունը, իսկ մյուս մասը, հաշվի առնելով միջուկային համաձայնության տապալումից հետո նախագահ Հասան Ռոհանիի թիմի դեմ սկսված արշավները, նպատակահարմար չհամարեց մասնակցել ընտրություններին, այն հիմնավորմամբ, որ եթե նրանք ստանային ՍՊԽ-ի հաստատումը, ապա լիարժեք գործելու, իրենց ծրագրերն իրագործելու հնարավորություն չէին ունենա՝ ընդգծելով միջուկային համաձայնության շուրջ առկա տարաձայնությունները:

Ի տարբերություն պահպանողականների՝ երկար քննարկումներից հետո ի վերջո բարեփոխական ութ կուսակցությունները միավորվեցին և ընտրությունների են գնում «Իրանի համար» դաշինքով՝ սակայն Թեհրանի ընտրատարածքի համար ներկայացրել են առանձին ցուցակ:

Գուցե պահպանողականների ընտրած մարտավարությունն է, գուցե առկա իրադրությունը հաշվի առնելով նրանք վստահ են իրենց հաղթանակի մեջ, սակայն պահպանողականների մոտ համախմբում տեղի չունեցավ. նրանք ընտրությունների են գնում 10 առանձին ցուցակներով և կարծես թե մրցակցությունն ավելի շատ տեղի է ունենալու ոչ թե բարեփոխականների և պահպանողականների, այլ հենց պահպանողականների միջև: Ընդ որում՝ 150 ընտրատեղամասում ընդհանրապես մրցակցություն չի լինելու:

Պահպանողականների շրջանում առկա են մի շարք տարաձայնություններ՝ կապված ցուցակի առաջին համարների, մարտավարության և ծրագրերի հետ: Օրինակ՝ «Հեղափոխության ուժերի դաշինքի խորհրդի» ղեկավար Հադադ Ադելը հայտարարում է, որ իրենց ներկայացրած ցուցակը ղեկավարում է Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, սակայն մեկ այլ թեկնածու ԻԻՀ մշակույթի նախկին նախարար Մոսթաֆա Միրսալիմը հերքում է՝ նշելով, թե Ղալիբաֆի կողմնակիցներն են նրա նկարը որպես առաջին համար տեղադրել փոստերում:

Պահպանողականների մյուս թևը, որը հայտնի է «Ժողովրդի դաշինք» անվամբ, ներկայացնում է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիմակիցներին: Այդ խմբի ցուցակը ղեկավարում է Ահմադինեժադի կառավարության գյուղատնտեսության նախարար Սադեղ Խալիլիանը: Պետք է նշել, որ այսպես կոչված Ահմադինեժադի թևը ևս միասնական չէ, և «Իսլամական Իրանի ջիհադականների ճակատ» խմբավորումը ընտրություններին մասնակցում է առանձին ցուցակով՝ Ահմադինեժադի կառավարության մշակույթի նախարար Սեյյեդ Մոհամմադ Հոսեյնիի գլխավորությամբ:

Պահպանողականների մյուս թևը «Հեղափոխության կայուն ճակատն է», որը ղեկավարում է Մորթազա Աղաթեհրանին:

Իրանի Մեջլիսն ունի 290 անդամ, որից 5-ը ներկայացնում են կրոնական փոքրամասնությունները: Իրանահայ համայնքից առաջադրվել էր 7 անդամ, սակայն գործող պատգամավոր Կարեն Խանլարյանը օրերս հրաժարվեց ընտրապայքարից: Իրանահայերին հատկացված է երկու տեղ, մեկը պատկանում է հյուսիսային, իսկ մյուսը՝ հարավային իրանահայությանը: Առաջին տեղի համար պայքարում է 4, իսկ երկրորդ տեղի համար՝ 2 թեկնածու:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 58 միլիոն է, որից 30 միլիոնը տղամարդիկ են, իսկ 28 միլիոնը՝ կանայք: Ընտրություններին առաջին անգամ մասնակցողների թիվը 3 միլիոն է:

Եթե 10-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների ժամանակ քաղաքացիների մեծամասնությունը ոգևորված էր, հույս ուներ, որ միջուկային համաձայնության լիակատար գործարկմամբ հնարավոր կլինի բարելավել իրենց սոցիալ-տնտեսական պայմանները, ապա 2018 թ. ի վեր Իրանի հասարակության վստահությունը իշխանությունների, ընդհանրապես քաղաքական գործընթացների նկատմամբ նվազեց:

Այսպիսի պայմաններում իշխանությունների թերևս թիվ մեկ խնդիրն է լինելու քաղաքացիների՝ բարձր մասնակցության ապահովումը: Թերևս, այս ընտրությունների միակ ինտրիգն այն է, թե ով կզբաղեցնի Մեջլիսի նախագահի պաշտոնը, որովհետև գործող նախագահ Ալի Լարիջանին, որը 2008 թ. ի վեր ղեկավարում է Իրանի խորհրդարանը, չի մասնակցում ընտրություններին: Եվ այն լճացումը, որն առկա էր Իրանի խորհրդարանում կարող է ընտրություններից հետո փոխվել:

Բարեփոխականների Մեջլիսի նախագահի թեկնածուն Մաջիդ Անսարին է, որը 2016-2017 թթ. զբաղեցրել է ԻԻՀ նախագահի՝ իրավական հարցերով տեղակալի պաշտոնը, նա բարեփոխականների դաշինքի առաջին համարն է:

Մեջլիսի նախագահի պահպանողական թեկնածուների շարքում ֆավորիտը համարվում է Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, սակայն հասարակության զգալի հատվածի վերաբերմունքը նրա նկատմամբ մեղմ ասած այնքան էլ դրական չէ, առավել ևս, որ նա մի քանի անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին և առանձնապես շոշափելի արդյունք չի արձանագրել, իսկ վերջին ընտրություններին նա հօգուտ Հասան Ռոհանիի մրցակից պահպանողական թեկնածու Էբրահիմ Ռայիսիի, հանել էր իր թեկնածությունը:

Արմեն Իսրայելյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am