Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մարտ

Հաշվեքննիչ պալատն առաջարկում է պետական պարտքի կառավարման մասով իրականացնել ներքին աուդիտ

Հաշվեքննիչ պալատն առաջարկում է պետական պարտքի կառավարման մասով 
իրականացնել ներքին աուդիտ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքներով արձանագրել է դրական և բացասական միտումներ: Դրանց հիման վրա ներկայացրել է առաջարկներ, օրինակ՝ իրականացնել պետական պարտքի կառավարման մասով ներքին աուդիտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը:

Հաշվեքննությունն իրականացվել է 2017 և 2018 թթ ընդգրկող ժամանակաշրջանի նկատմամբ:

«Պետական պարտքի կառավարման մասով ներքին աուդիտ չէր իրականացվել, մեզ հասած տվյալներով առհասարակ չէր իրականացվել: Եվ մենք առաջարկել ենք, որ հետագայում ներքին աուդիտ լինի, և ներքին աուդիտն ուշադրության կենտրոնում պահի հաշվեքննությամբ արձանագրված փաստերը»,-ասաց Առուստամյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց` շատ ճշգրիտ արձանագրում է, որ պարտքի կառավարման բնագավառում ներքին աուդիտ չի իրականացվել: «Ցավոք, ներքին աուդիտը ոչ միայն պարտքի կառավարման բնագավառում չի համապատասխանել այն սպասումներին, որ այդ համակարգի ներդրման ժամանակ ունեցել ենք համակարգից: Եվ դրանով պայմանավորված՝ ջանքեր են գործադրվում, որ հիմա իրավիճակը փոխվի նաև ներքին աուդիտի բնագավառում»,-ասաց նա:

Անդրադառնալով նկատած թերություններին`Առուստամյանը նշեց, որ գոյություն ունի ԿԲ-ի և Ֆինանսների նախարարության միջև գործակալական պայմանագիր: Կա պահանջ, որ նմանատիպ փաստաթղթերը պետք է հրապարակվեն: Սակայն արձանագրվել է, որ այդ մասով հրապարակայնությունը չի ապահովվում, և առաջարկել են շուտափույթ հրապարակել դա:

«ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակը կառավարության ֆինանսական կարիքների բավարարման մշտական հնարավորության ապահովումն է` երկարաժամկետ հատվածում նվազեցնելով պարտքի սպասարկման մեծությունը: Սակայն մենք արձանագրում ենք, որ չի ապահովվել պետական պարտքի կառավարման նպատակային արդյունավետությունը: Այն է` երկարաժամկետ հատվածում պարտքի սպասարկման մեծությունը դրսևորել է աճի միտում: 2012-2018 թթ.  ընթացքում այն աճել է 342 տոկոսով: Առաջարկում ենք հետագայում ռազմավարություններ նախագծելիս ղեկավարվել սահմանված նպատակներով` երկարաժամկետ պարտքի սպասարկման ծախսերի նվազման միտումի երաշխավորման նպատակով»,-ասաց Առուստամյանը:

Նա նաև նշեց` ցածր է եղել կառավարության պարտքի տոկոսավճարների միջնաժամկետ կանխատեսումների որակը: Օրինակ՝ 2018 թվականի կառավարության պարտքի փաստացի մեծությունը գերազանցել է  2016-2018 թթ. ռազմավարությամբ կանխատեսված մակարդակը` 28,5 տոկոսով: Այս մասով հաշվեքննիչ պալատը ներկայացրել է առաջարկություններ:

Պալատի արձանագրմամբ` բացակայել է վարկային ռիսկի գնահատման մեթոդաբանությունը և դրա հիման վրա նախքան երաշխիքի տրամադրումը և տրամադրումից հետո իրականացված ռիսկի գնահատումները: Պալատի կարծիքով` կա հետհսկողության խնդիր, որը պետք է բարելավվի: «Բյուջետային վարկավորման գործընթացը կրել է իրավիճակային բնույթ: Ենթավարկերի և բյուջետային վարկերի տրամադրման քաղաքականություն չի հրապարակվել՝ չնայած այդպիսիք տրամադրվել են: Ենթավարկերի և բյուջետային վարկերի հարցում բացակայել է վարկային ռիսկի գնահատման մեթոդաբանությունը»,-ասաց Առուստամյանը:

Հաշվեքննության արդյունքներով արձանագրվել են նաև դրական միտումներ: «Պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծերի գնահատման և ընտրության կարգ ունենք արդեն: Պարտքի կառավարման և ֆինանսական- տեխնիկական սպասարկման և ադմինիստրատորի պարտականությունների կատարման կարգ նույնպես արդեն ունենք: Պետական արտարժութային պարտատոմսերի թողարկման կառավարության պարտքի սպասարկման, գանձապետական պարտատոմսերի հաշվառման, սպասարկման ընթացակարգեր նույնպես արդեն ունենք»,-ասաց նա ու նկատեց`  վերասահմանվել են ուղենշային համարվող պարտատոմսերի չափանիշները:

Ներդրվել է նաև գանձապետական պահառուի միջոցով պետական գանձապետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի առցանց համակարգ:  





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ