Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Երաժշտությունն իմ կյանքն է. Աթենան պատրաստ է պատվով ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ»-ում

Երաժշտությունն իմ կյանքն է. Աթենան պատրաստ է պատվով ներկայացնել Հայաստանը 
«Եվրատեսիլ»-ում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը, որը հաջողությամբ մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների, հեղինակել երգեր, որոնք արժանացել են քննադատների գովեստներին, երկրորդ անգամ ժամանել է Հայաստան: Աթենան «Chains On You» երգով մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին` Հայաստանը «Եվրատեսիլ-2020»-ին ներկայացնելու մեծ ցանկությամբ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հեղինակ-կատարողը պատմեց իր երաժշտական գործունեության, երազանքների և նպատակների մասին:

-Գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն ասել է՝ մարդկությունը մինչ օրս ավելի հզոր բան չի ստեղծել, քան երաժշտությունը: Ի՞նչ է այն ձեզ համար: Կպատմե՞ք, թե ինչպե՞ս հայտնվեցիք այս ասպարեզում:

-Երաժշտությունն ինձ համար մի ամբողջ աշխարհ է, իմ կյանքն է:  Սկսեցի երգել,  երբ 12 տարեկան էի: Հենց այդ ժամանակ մասնակցեցի Հունաստանի երաժշտական հեռուստատեսային շոուներից մեկին՝արժանանալով առաջին մրցանակի: Հետագայում մասնակցել եմ նաև «Մանկական Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլին: 17 տարեկանում աշխատում էի Հունաստանի լավագույն ակումբներից մեկում, որտեղ իմ սեփական շոու ծրագիրն ունեի և հնարավորություն ստացա ձայնագրել երեք ստեղծագործություն: «XO» երգը թողարկել եմ Շվեդիայում, իսկ հոլովակը նկարահանվել է Սիդնեյում: Ուրախ եմ, որ այն տարածում ստացավ  և հաջողություն ունեցավ:

-Ոչ միայն ինքնատիպ երգչուհի եք, այլև շնորհալի երգահան: Ավելի հեշտ եք ստեղծագործում ձե՞զ համար, թե՞ այլոց:

-Երգեր եմ գրում վերջին երեք տարվա ընթացքում: Ստեղծագործություններս բխում են իմ սրտից, հոգուց: Հեշտությամբ եմ համագործակցում այլ արտիստների հետ: Երգ եմ գրել Ելենա Պապարիզուի համար, որը 2005 թվականին հաղթել է «Եվրատեսիլ»-ում: «Chains On You» երգը հեղինակել ենք իմ պրոդյուսերի՝ դիջեյ Պակոյի հետ:

-Ունեք հայկական արմատներ, ապրում եք Հունաստանում, բայց ձեր ստեղծագործությունների մեծ մասն անգլերեն է: Ինչո՞ւԵրբևէ հունարեն կամ հայերեն երգե՞լ եք:

-Մեկ հունարեն երգ եմ ձայնագրել: Հիշում եմ՝ տարիներ առաջ լսեցի Սիրուշոյի «Քելե, քելե»-ն, այն ինձ շատ դուր եկավ: Անգամ տեսանյութ կա, որում երգում եմ այդ ստեղծագործությունը: Իրականում չէի հասկանում սկզբի մասը, որը հայերեն է, բայց շատ էի հավանում: Կարող եմ ասել, որ հայերեն երգել եմ:

-Ինչպես նշեցիք, մասնակցել եք մրցույթների: Դիտել եմ ձեր տպավորիչ ելույթը  բրիտանական X Factor  նախագծում: Պատահե՞լ է, որ ձեզ ասեն՝ ոչ: Եթե եղել է, ինչպե՞ս չեք կոտրվել, ինչպե՞ս եք ոտքի կանգնել և շարունակել առաջ գնալ:

«Ոչ» եմ ասել այն ամենին, ինչն ինձ դուր չի եկել, բնականաբար, իմ առաջ դռներ են փակվել: Մի քանի տարի առաջ ավելի հաճախ էի հիասթափվում, բայց երբեք չեմ մտածել, որ պետք է թողնեմ իմ երազանքը, քանի որ իմ կողքին մշտապես եղել են մարդիկ, որոնք ինձ շատ են աջակցել: Երևի, ծնված օրից երազել եմ երգել: Խորհուրդ եմ տալիս «ոչ» ասել այն ամենին, ինչը դուք չեք հավանում, ինչը ձերը չէ: Այդ դեպքում ձեր սեփական և իրական կարիերան կունենաք:

- Շառլ Ազնավուրին հիշեցի: Մեծն շանսոնյեն մի առիթով գրել է, որ կարողացել է բարձրացնել հանդիսատեսին և ինքն երբեք չի ընկել ցած՝ մինչև վերջ անկեղծ լինելով երկրպագուների հետ: Դուք մի՞շտ եք անկեղծ:

-Միշտ: Երբ գերաստղ չես, փոփ աստղ ես, կարծում են, որ իրական չես… Չպետք է դավաճանես քեզ: Եթե ստեղծագործելիս հավատարիմ չես ինքդ քեզ, մի օր մարդիկ հասկանում են դա: Անհրաժեշտ է իրական և ճշմարիտ լինել անգամ այն դեպքում, երբ շատերին դա դուր չի գալիս: Եթե սիրում եք ինձ, սիրում եք այն պատճառով, որ ես ես եմ:

-Խոսենք «Եվրատեսիլ»-ից: Որո՞նք են ձեր նախընտրած երգերը: Ըստ ձեզ՝ «Եվրատեսիլ»-ը երգի՞ մրցույթ է, թե՞ քաղաքականացված շքեղ շոու:

-Այն և՛քաղաքականացված մրցույթ է, և՛ երաժշտական: «Եվրատեսիլ»-ը համախմբում է բազմաթիվ երկրներ: Դրա ստեղծման հիմքում երաժշտությունն է:

Սիրում եմ «Քելե, քելե»-ն, Ելենա Պապարիզուի «My number one» երգը և 2008-ին Հունաստանի պատվիրակ Կալոմիրայի «Secret combination»-ը: Շատ եմ հավանում այդ երգչուհուն. նրա էներգիան հրաշալի է:

-Մասնակցում եք «Դեպի Եվրատեսիլ» նախագծին: Հավանո՞ւմ եք ձեր մրցակիցների երգերը: Ինչի՞ մասին է ձեր «Chains On You»-ն:

-Կարծում եմ՝ բոլոր երգերն էլ հետաքրքիր են, լավ մթնոլորտ են ստեղծում, և դրանցից յուրաքանչյուրը նոր բան է տալիս ունկնդրին:

Իմ երգը գրել ենք երկու օրում, երբ ձայնագրում էինք իմ նոր ալբոմը, որը շուտով կթողարկվի: Ուզում էի ստեղծել մի հիթ, որը կներկայացնի իմ ուժեղ անհատականությունը: Ես և իմ պրոդյուսերը շատ ենք չարչարվել: Բառերը գրել եմ ավտոբուսի մեջ, երբ մի կետից մյուս կետն էի տեղափոխվում:  Շատ եմ կարևորում երգիս իմաստը, որովհետև շատերն այն միանգամից չեն ընկալում: Երգում խոսվում է մարդկանց գանձերի՝ ադամանդների մասին՝ տաղանդի, շնորհի, որոնք միայն մեզ են պատկանում: Երբեմն փորձում են խլել այդ ադամանդները: Ուզում եմ ասել, որ դրանք կարող են փայլել միայն մեզ մոտ, քանի որ իրականում մերն են:

-Նախագծում հաղթելու դեպքում լիարժեք պատրա՞ստ եք Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ-2020»-ին:

-Այս պահին իմ միակ նպատակն այն է, որ Հայաստանը հպարտանա ինձնով: Ինձ արդեն իսկ հնարավորություն են տվել մասնակցել «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, ինչը նույնպես նշանակալի է: Ցանկանում եմ արդարացնել իմ երաժշտության սիրահարների, ինձ սատարող մարդկանց սպասելիքները, չեմ ուզի հիասթափեցնել նրանց: Ձգտում եմ ապացուցել, որ լավ մասնակից եմ, երգչուհի, որը կարող է լավագույնս ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակում:

Աթենա Մանուկյանից բացի, «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցում են TOKIONINE-ը, ERNA-ն, Միրիամ Բաղդասարյանը, Agop-ը, Կարինա EVN-ն, Վլադիմիր Արզումանյանը, Հայկ Music-ը, Արթուր Ալեքը, Գաբրիել Ջիգը, EVA Rida-ն, Սերգեյ և Նիկոլայ Հարությունովները:

Փետրվարի 15-ին պարզ կդառնա, թե նրանցից ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2020» երգի հեղինակավոր մրցույթում:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am