Փաշինյանն իրավական հիմք չի տեսնում նախկին պաշտոնյաների անվտանգության առանձնահատուկ ապահովման համար
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ պաշտոններ զբաղեցրած նախկին որոշ պաշտոնյաների պաշտպանվածությունն առանձնահատուկ ապահովելու համար իրավական հիմք չի տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանը այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին:
Տաթևիկ Հայրապետյանը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի և նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան կոնտեքստում հարց հնչեցրեց՝ արդյոք վարչապետը կարծում է, որ կա որոշակի նախին պաշտոնյաների առանձնակի պաշտպանվածության կարիք:
Վարչապետն արձագանքեց` Գեորգի Կուտոյանին կամ որևէ այլ անձի հսկողության տակ պահելու համար պետք էր իրավական հիմք: «Ենթադրենք՝ այդ դեպքից առաջ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, իրավապահ մարմինները մտնում և դեպքը կանխում էին, պատկերացնո՞ւմ եք, թե դրանից հետո ինչ էր լինելու: Ես ստիպված էի լինելու պատասխանել, թե ինչ իրավական հիմքով է հսկողություն սահմանվել Գեորգի Կուտոյանի նկատմամբ, կասեին` ընդդիմությանը հետապնդում են և այդպես շարունակ: Այսինքն՝ պետք է իրավական հիմք լինի: Ես կարծում եմ, որ սա է ճիշտ մոտեցումը: Այն դեպքերում, երբ նման բան անելու իրավական հիմք չկա, մենք դա չենք կարող անել: Փորձը ցույց է տալիս, որ իշխանությունը բոլոր մարդկանց գործողությունները չի կարող միշտ վերահսկել»,-ասաց Փաշինյանը:
Հայրապետյանը դիտարկում արեց` իսկ եթե նախկինում պաշտոն զբաղեցնողները դիմեն, իրենք ինչ-որ հանգամանքներից ելնելով անպաշտպան զգան:
Վարչապետը նշեց` այսօր Հայաստանի ոստիկանությունն այդպիսի գործառույթ իրականացնում է: «Կան քաղաքացիներ, որոնք որոշակի հիմնավորումներով դիմում են, որ իրենք խնդիր ունեն և օրենքով սահմանված կարգով ու դեպքերով մարդկանց անվտանգությունն ապահովվում է»,-նշեց վարչապետը:
Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորմամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում