Տրաֆալգարյան հրապարակում վառել են Մեծ Բրիտանիայի գլխավոր եղեւնու լույսերը

Armenpress 18:05, 6 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի կենտրոնում գտնվող Տրաֆալգարյան հրապարակում վառ լույսերով Է շողացել Մեծ Բրիտանիայի գլխավոր եղեւնին: Լուսավառության արարողությանը ելույթ Է ունեցել Վեսթմինսթերի մայրաքաղաքային շրջանի լորդ-քաղաքագլուխ Ռութ Բուշը եւ Օսլոյի քաղաքագլուխ Մարիանե Բորգենը: «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպության նվագախմբի հնչյունների ներքո նրանք տվել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում «Սուրբծննդյան սեզոնի» մեկնարկի ազդանշանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավանդույթի համաձայն, 24-մետրանոց եղեւնին Լոնդոն Է հասցվել Նորվեգիայից: Ծովով փոխադրելիս ծառը փոքր ինչ կորցրել Է երբեմնի ճոխությունը, ինչը չեն հապաղել նշել տեղական ԶԼՄ-ներն ու մայրաքաղաքի բնակիչները: Սոցիալական ցանցերում արդեն սարկաստիկ դիտողություններ են հայտնվել եղեւնու «լղարության» վերաբերյալ, իսկ առանձին արձագանքների հեղինակներ նույնիսկ «խաղաղությամբ հանգչել» են մաղթել Սուրբծննդյան ծառին: Տրաֆալգարյան հրապարակը Նորվեգիայից բերված եղեւնիով զարդարելու ավանդույթը սկիզբ Է առել 1947 թվականին: Նորվեգացիներն այդ կերպ իրենց երախտագիտությունն են հայտնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանացիների կողմից իրենց ցուցաբերված օգնության համար:

Նացիստական օկուպացման տարիներին Նորվեգիայի թագավորական ընտանիքը եւ երկրի կառավարությունը ապաստան Էին գտել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայում Էին պատրաստվում նաեւ նորվեգական դիմադրության մարտիկների ջոկատները, մշակվում Էին նացիստների դեմ դիվերսիոն գործողությունների պլաններ: Սուրբծննյան եղեւնին Տրաֆալգարյան հրապարակում կանգնած կմնա մինչեւ հունվարի սկիզբը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am