Նախագահ Սարգսյանը կմասնակցի ՎԶԵԲ-ի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին

Armenpress 16:43, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն, որտեղ նոյեմբերի 22-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպվող այս գագաթնաժողովին հրավիրված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները, որոնք կներկայացնեն իրենց երկրների ու տարածաշրջանի ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Արևելյան գործընկերության ղեկավարների լիագումար նիստին, որը նվիրված է ներդրողների համար հնարավորություններին: Գագաթնաժողովը միտված է ներդրողների ավելի մեծ ուշադրություն հրավիրելու Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններին, բարձրացնելու ներդրողների իրազեկվածության մակարդակը, խթանելու Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության աճը:

Ներդրումային գագաթնաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը կունենա նաև երկկողմ հանդիպումներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am