Ջութակահար Սուրեն Հախնազարյանի հոբելյանը Երևանում կնշվի տոնական համերգային ծրագրով

Armenpress 14:58, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հախնազարյանների ընտանիքը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տոնում է Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Սուրեն Հախնազարյանի 70-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ կապակցությամբ նոյեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ճանաչված պրոֆեսորի հոբելյանական համերգը, որին մասնակցում է երաժշտական մեծ ավանդույթներ ունեցող Հախնազարյանների ամբողջ ընտանիքը՝ դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և դիրիժոր Տիգրան Հախնազարյանը: Հոբելյարը ևս  իր կատարումներով կզարդարի համերգը:

Համերգի առաջին բաժնում կհնչի կամերային ծրագիր Հախնազարյանների կատարմամբ: Երկրորդ բաժնում Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին ելույթ կունենան թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և համերգի հյուր, հոբելյարի ընտանիքի մեծ բարեկամ ջութակահար  Խաչատուր Ալմազյանը:

Կհնչեն Սեն-Սանսի «Մուսան և պոետը» և Ջովաննի Սոլիմայի “Tarantulae Cadenzas” -ն (հայաստանյան պրեմիերա)՝ գրված թավջութակի, ջութակի և նվագախմբի համար: Համերգը կղեկավարեն դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը և Տիգրան Հախնազարյանը:

Սուրեն Հախնազարյանի հոբելյանը նոյեմբերի 11-ին համերգով նշվել է նաև Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դահլիճում: Համերգից հետո Նարեկ Հախնազարյանը գրել է. «Ես շնորհակալ եմ ծնողներիս այս համերգի համար: Քիչ երաժիշտներ կան, որոնց նկատմամբ տարիներն անզոր են, որոնք աներկբայորեն և անշահախնդրորեն նվիրել են իրենց կյանքը երաժշտությանը ծառայելուն՝ ելույթներ ունենալով ամբողջ աշխարհում և կրթելով երաժիշտների մի քանի սերունդ: Նույն բեմում ձեզ հետ ելույթ ունենալն ուղղակի հրաշք է»:

Սուրեն Հախնազարյանը 2008 թվականից Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ջութակահարների ամբիոնի պրոֆեսոր է: 1974-2007 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1986 թվականից դոցենտ, 1993-ից` պրոֆեսոր): Եղել է մի շարք Հանրապետական և Միջազգային մրցույթների հանձնաժողովների անդամ, վարպետության դասեր է ունեցել Շոտլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և այլուր:

Նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը և Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am