Ռումինիայի արքայազն Ռադուն հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Armenpress 14:08, 29 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող՝ Ռումինիայի արքայազն Ռադուն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Արքայազն Ռադուին ուղեկցում էին Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը և ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ դրվեց Ռումինիայի թագավորական ընտանիքի անունից: Այնուհետև արքայազն Ռադուն ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ արքայազն Ռադուն շրջեց թանգարանով, ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին: Ավարտին նա գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում՝ նշելով, որ պատասխանատվությունն ու հիշողությունները պահպանելը միակ ուղին է բացառելու ողբերգություններն ու տառապանքը՝ ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը և այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Բրազիլիա, Դանիա, Չեխիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը: Ընթացիկ տարվա ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանն ընդունեց բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ամեն տարի Ռումինիայի խորհրդարանում կոչեր ու հայտարարություններ են լինում և Սումգայիթի ջարդերի և Հայոց ցեղասպանության հետ կապված, սակայն Ռումինիան դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ գործում ակտիվ են հայ համայնքի ներկայացուցիչները՝ կիրառելով իրենց ունեցած հնարավորությունները:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am