Լիբանանի իշխանությունները չեն պատրաստվում արտակարգ դրություն մտցնել բողոքի ակցիաների պատճառով

Armenpress 10:00, 23 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի կառավարությունը չի պատրաստվում երկրում արտակարգ դրություն մտցնել վեցերորդ օրը շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է վարչապետ Սաադ Հարիրիի դիվանատան հայտարարության մեջ:«Կառավարությունն արտակարգ դրություն հայտարարելու մտադրություն չունի, եւ ցուցարարներին թույլատրված Է իրենց հանրահավաքների համար օգտագործել Բեյրութի կենտրոնի հրապարակները»,- նշվում Է փաստաթղթում, որը հրապարակել Է Al Hadath հեռուստաալիքը: Դրա հետ մեկտեղ Լիբանանի իշխանություններն անթույլատրելի են համարում ավտոճանապարհների փակումը մայրաքաղաքի մատույցներում, ինչը կաթվածահար Է անում քաղաքի կենսագործունեությունը: Ուստի հանրապետության ՆԳ նախարարությանը ցուցում Է տրված ապաարգելափակել Բեյրութը նահանգների հետ կապող բոլոր հիմնական ճանապարհները: Լիբանանի բանակը ոստիկանությանը օժանդակություն կցուցաբերի այդ առաջադրանքը կատարելու գործում: Ինչպես հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը, հոկտեմբերի 23-ին կկայանա երկրի կոալիցիոն կառավարության սոցիալ-տնտեսական բլոկի նախարարների խորհրդակցությունը, որը նվիրված կլինի անօրինականորեն յուրացված պետական միջոցների վերադարձման մասին օրինագծի քննարկմանը: Այս պահանջը հաստատակամորեն առաջադրում են բողոքի շարժման մասնակիցները:Ներկայում մեծ թվով ցուցարարներ արգելափակել են Լիբանանի Կենտրոնական բանկի շենքը՝ փակելով երթեւեկությունը Խամրա փողոցով, որը հիմնական առեւտրական զարկերակն Է Բեյրութի արեւմտյան մասում: Ակտիվիստները վանկարկում են կարգախոսներ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել ներկայիս ու նախկին նախարարներին, որոնց նրանք մեղադրում են կոռուպցիայի մեջ: Ավելի վաղ Բեյրութի կենտրոնում կայացած հանրահավաքում ցուցարարները մերժել են ամբողջ երկիրն ընդգրկած զանգվածային բողոքների ալիքին ի պատասխան Սաադ Հարիրիի կաբինետի կողմից մշակված հակաճգնաժամային պլանը: «Մենք չենք հանում այս կառավարության հրաժարականի, խորհրդարանի արձակման եւ վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մեր պահանջները»,- հայտարարել են հանրահավաքի մասնակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am