Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Armenpress 19:34, 17 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիիչի Հասեգավային: Նա Հայաստանում է հոկտեմբերի 16-18-ը Երևանում տեղի ունեցող «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ քաղաքական երկխոսությունը, որը դինամիկ զարգանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, և դրա հիման վրա ձևավորված արդյունավետ համագործակցությունն ընդլայնման ներուժ ունի: Կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) շրջանակում Հայաստանին տրամադրվող օժանդակության կապակցությամբ և նշել, որ իրականացվող համատեղ ծրագրերը նպաստում են տարբեր ոլորտներում հայ-ճապոնական կապերի զարգացմանը:

Էիիչի Հասեգավան շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար և փոխանցել Ճապոնիայի վարչապետի բարեմաղթանքները ՀՀ վարչապետին՝ Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների կապակցությամբ: Նա նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ և պատրաստ է քննարկել երկկողմ գործակցության հետագա զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք բնագավառներում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ընթացքի, կրթության, զբոսաշրջության, հումանիտար ոլորտներում կապերի սերտացման հեռանկարների շուրջ:

Վարչապետը վերահաստատել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ուղղված՝ Հայաստան այցելելու իր հրավերը՝ նշելով, որ ուրախ կլինի հյուրընկալել գործընկերոջը և քննարկել հայ-ճապոնական արդյունավետ գործակցության հեռանկարները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am