Վարչապետն առաջին անգամ կհանձնի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը

Armenpress 15:32, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում առաջին անգամ ՀՀ վարչապետի կողմից կհանձնվի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 18-ին կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ մրցանակը կհանձնվի այն մարդկանցից մեկին, որն իր ուժերով ստեղծել է սեփական բիզնես և իր ապագան կապել Հայաստանի հետ:

«Այս տարի առաջին անգամ սեպտեմբերի 21-ին կանցկացվի մրցանակաբաշխություն «Մեր ժամանակների հերոսը» խորագրով, որին կմասնակցեն մարդիկ, ովքեր փոխում են իրենց կամ շրջապատի կյանքը, սեփական ուժերով բիզնես են ստեղծում և ապագան կապում Հայաստանի հետ: Առաջին մրցանակաբաշխության մասնակիցները կլինեն վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները: Միջոցառման ընթացքում պաշտոնյաներն ու հյուրերը հերոսներին կհանձնեն մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կսահմանվի վարչապետի մրցանակը»,- ասաց Աղաջանյանը:

Աղաջանյանի խոսքով` նման միջոցառմամբ Անկախության օրը պետությունը ցույց է տալիս, որ մեծարում է քաղաքացուն և աշխատանքը:

Հաղթողին տրվելիք արձանիկի ներքևի հատվածում գրված է «Մեր ժամանակների հերոսը», իսկ վերևի մասում «Եվ այդ մեկ մարդը դու ես» գրության տակ հայելի է, որտեղ մրցանակակիրը կտեսնի իրեն:

Միջոցառումը կանցկացվի Գյումրու Սև բերդում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am