Գրականագետի կարծիքով՝ ունենք լավ բանաստեղծական գրքեր, բայց դաշտն ընդհանուր առմամբ քաոսային է. նշվում է պոեզիայի միջազգային օրը

Armenpress 10:40, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակության լայն շերտերի ուշադրությունը  պոեզիայի վրա բևեռելու նպատակով 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես պոեզիայի միջազգային օր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` որոշման մեջ նշվում է, որ պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ հանդես են գալու գեղեցիկ նախաձեռնությամբ: Միությունում տեղի կունենա  ասմունքին նվիրված միջոցառում, որի շրջանակում պոետները կընթերցեն բանաստեղծություններ տարբեր թեմաներով:

«Կարծում եմ` մենք ունենք բազմաթիվ հրաշալի բանաստեղծներ, որոնք լավ են գրում և հետաքրքիր ստեղծագործություններ են մատուցում մեզ»,-նշեց նա` շնորհավորելով բոլորին:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով` եթե կա գրական ընթացք ու ստեղծվում է բանաստեղծություն, ոլորտում դրական միտումներ չլինել չեն կարող: Այլ հարց է, որ ժամանակակից պոեզիան աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում որոշակի լճացման և  տեղատվության խնդիր ունի: «Դա կապում եմ նաև  «Ֆեյսբուքի» գոյության հետ: Մարդիկ ստեղծագործում են համացանցում, և բանաստեղծության հասունացման,  եփման  գործընթացը դանդաղում է»,-նշեց Նիկողոսյանը:

Նա շեշտեց, որ մեր երկրում կան բանաստեղծներ, որոնք փորձում են  դուրս գալ ընդհանուր լճացումից և ստեղծել գործեր, որոնք փրկում են բանաստեղծական դաշտը: «Շատ բարձր եմ գնահատում Ավագ Եփրեմյանի բարձր արժեքներ ստեղծելու ջանքը, վերջերս լույս տեսավ Հենրիկ Էդոյանի «Լույսը ձախ կողմից» ժողովածուն, որն ըստ իս պետք է իր արժանի տեղը գտնի մեր գրական դաշտում: Եթե ժողովածուների միտումների տեսանկյունից նայենք հարցին, շատ լավ գրքեր են հրատարակվել նաև անցյալ տարի: Ընթերցասերների դատին հանձնվեց Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» ժողովածուն, Վահե Արսենի «Դոնկիխոտասպան իմ հայրենիք կամ Ի ՍԿԶԲԱՆԵ ԷԻՆ» գիրքը, Ներսես Աթաբեկյանի «Երկրապտույտ»-ը նույնպես շատ արժեքավոր  ժողովածու է»,-ներկայացրեց գրականագետը:

Նա ընդգծեց` ունենք լավ բանաստեղծական գրքեր, բայց դաշտն ընդհանուր առմամբ քաոսային է: «Պատճառներից է նաև այն, որ բանաստեղծական գրքերը գրական շուկայում այդքան մեծ պահանջարկ չունեն: Ընթերցողները նախընտրում են բանաստեղծությունները կարդալ համացանցում, խուսափում են գիրք գնել»,-եզրափակեց գրականագետը:

Պոեզիայի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Այս օրը հնարավորություն է ընձեռում փոքր հրատարակչություններին բարձրաձայնել իրենց մասին, քանի որ նաև նրանց ջանքերով են ընթերցողին հասնում ժամանակակից պոետների գործերը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում այս օրը զանգվածային լրատվամիջոցներում տարփողել պոեզիան՝ որպես ժամանակակից արվեստ, որը բաց է մարդկանց համար:

 Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am