ԱՀԿ փորձագիտական առաքելությունը Հայաստանում կգնահատի առողջապահության ոլորտում մարդկային ներուժի պլանավորման ու զարգացման համակարգը

Armenpress 13:20, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակներում Հայաստան է ժամանել ԱՀԿ փորձագիտական առաքելությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, փորձագետների հետ հանդիպել են առողջապահության նախարարի տեղակալներ  Լենա Նանուշյանը և  Արսեն Դավթյանը:

Հյուրերը ներկայացրել են այցի նպատակը, որ գնահատելու են առողջապահության ոլորտում մարդկային ներուժի պլանավորման ու զարգացման համակարգը և հավելել, որ պատրաստ են տեխնիկական աջակցություն ցուցաբերել առավել արդյունավետ քաղաքականության մշակմանը:

Լենա Նանուշյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում մարդկային ներուժի պլանավորման առկա իրավիճակը, բժշկական և բուժքույրական կադրերի հետբուհական կրթության, շարունակական մասնագիտական զարգացման ներկա կարգավորումները, հավաստագրման նոր համակարգը:

5-օրյա այցի շրջանակում փորձագետները հանդիպել են բժշկական կրթական հաստատությունների և մասնագիտական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Ի թիվս այլ հարցերի` քննարկվել են նաև մարդկային ներուժի ռեգիստրի ստեղծման հնարավորությունները:

ԱՀԿ փորձագիտական առաքելությունը նախատեսում է իրականացնել մարզային այցեր` գնահատելու կադրերի համալրման խնդիրը:

           

             

           



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am