Մարտի 8-ի առթիվ ոստիկանության ծառայողները կանանց ծաղիկներ են նվիրել

Armenpress 14:51, 8 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց միջազգային օրվա առթիվ  ՀՀ ոստիկանության աշխատակիցները անակնկալներ են մատուցել կին վարոդներին և հետիոտներին: Այս մասին «Արմենպրես»-ին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:  

Ոստիկանության ծառայողները փաստաթղթեր պահանջելու փոխարեն  կանանց ծաղիկներ են նվիրել՝ մաղթելով բարի օր, երջանկություն  և անփորձանք երթևեկություն:

«Մարտի 8-ին ուժեղացված ծառայության էին դուրս եկել ճանապարհային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայողները: Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության նպատակն էր կին վարորդներ հայտնաբերելը:  Կանանց բոլոր մեքենաները՝ անխտիր կանգնեցվեցին և... Եվ ճանապարհային ոստիկանները վարորդական վկայական պահանջելու փոխարեն շնորհավորեցին կանանց գարնանային ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ: Ճանապարհային ոստիկանները կին վարորդներին մաղթեցին երջանկություն, սեր, բազում ժպիտներ և ամենակարևորը՝ կանաչ ճանապարհ: Նույն օրը հասարակական կարգը պահպանող պարեկապահակետային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին կին հետիոտները: Ոստիկանների ներկայությունից և պատվի առնելուց առաջին հայացքից հանկարծակիի եկող քաղաքացուհիներին պարեկապահակետային ծառայողները շնորհավորեցին ու ծաղիկներ նվիրեցին:  Սիրելի կանա՛յք և աղջիկնե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ ու մաղթում շատ լույս ու ջերմություն»,- նշված է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հաղորդագրությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am