Ժողովրդավարական երկրները Հայաստանին ընդունելու են որպես շատ ավելի բարձր վարկանիշով պետություն. Գարիկ Քեռյան

Armenpress 15:31, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին: Նրա խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը ոչ ոք չէր վիճարկում, իսկ թե ով կանցներ խորհրդարան, հիմնականում պարզ էր:

«Ապագա խորհրդարանը խիստ բևեռացված չի լինելու, չենք ունենալու արմատական քաղաքական գիծ ունեցող միմյանց դեմ ուժեր: «Իմ քայլը» դաշինքի նկատմամբ բավական լոյալ են տրամադրված և՛ «Բարգավաճ Հայաստան», և՛ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Իհարկե, «Լուսավոր Հայաստանը» նշում էր, որ կլինի ընդդիմադիր քաղաքական ուժ, բայց, ամեն դեպքում, այն իշխող ուժի հետ գործել է «Ելք» դաշինքով, ողջունել է հեղափոխությունը, և սուր  քննադատությամբ երբեք հանդես չի եկել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության: Ես լրիվ ընդունում եմ, որ այն կարող է լինել ընդդիմություն, բայց՝ ոչ արմատական»,-ասաց  Գարիկ Քեռյանը:

Քաղաքագետը նշեց, որ այս ընտրություններն առանձնանում էին ազատ, արդար լինելով: Նրա խոսքով, Երևանի ավագանու և խորհրդարանական արտահերթ ընտրությունների այդ մակարդակով անցկացումը մեծ նվաճում էր:

«Միանշանական պարզ է, որ ժողովրդավարական երկրները Հայաստանին ընդունելու են որպես շատ ավելի բարձր վարկանիշով պետություն, որովհետև Հայաստանում ընտրությունները դիտարկվում են ազատ, արդար: Հայաստանն իրենց հետ հարաբերվելու է լեգիտիմ իշխանության, ժողովրդավարական երկրի իմիջով: Սա ես համարում եմ մեծ դրական քայլ, որն իր ազդեցությունը կարող է թողնել արցախյան հարցում առաջընթաց ունենալու համար»,-ասաց Գարիկ Քեռյանը:

Խոսելով խորհրդարան չանցած քաղաքական ուժերից՝  Գարիկ Քեռյանը նշեց, որ ամիսներ առաջ ստեղծված և ընտրություններին 1 տոկոս ձայն հավաքած կուսակցություններն առաջիկայում լուրջ անելիք ունեն: Քաղաքագետի խոսքով, եթե նրանք ունենան բավարար քաղաքական կամք, ապա հինգ տարվա ընթացքում կաշխատեն քաղաքական գործընթացներում կայանալ: Ինչ վերաբերում է տարիների փորձ ունեցող քաղաքական ուժերին, որոնք չհաղթահարեցին անցողիկ շեմը, ապա Գարիկ Քեռյանը նշեց, որ այստեղ լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա:

«Այստեղ լուրջ մտածելու բան կա ռե-բրենդինգի առումով: Եթե այդ քաղաքական ուժերը առաջիկա տարիներին շարունակեն նույն քաղաքական կուրսով և դիմագծով, նույն լիդերներով, ապա հաջորդ ընտրություններին այս 2-3 տոկոսն էլ չեն ունենա: Իհարկե, ամեն ինչ կախված է, թե ինչ հաջողություն կունենա ներկա իշխանությունն արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում և սոցիալական վիճակի բարելվաման առումով: Այդ ամեն ինչը կազդի և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի վարկանիշի և իշխող կուսակցության վարկանիշի վրա»,-հավելեց քաղաքագետը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533  ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am