Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը

Armenpress 10:19, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ»  միջազգային ֆորումը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր, մինչ պլենար նիստի մեկնարկը, շրջեցին տաղավարներով ծանոթացան մասնակից ընկերությունների հնարավորություններին ու ծրագրերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ցուցահանդեսային մասը միավորում է արտահանող և արտահանման ներուժ ունեցող ԵԱՏՄ երկրների ընկերություններին տարբեր ոլորտներից՝ գյուղմթերքի վերամշակում և սննդարդյունաբերություն, դեղագործական և բժշկական արտադրանք,  թեթև արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, ոսկեգործություն:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ 2018թ. հոկտեմբերի 22-24-ը Երևանում անցկացվում է ԵԱՏՄ տարածաշրջանում խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ «Եվրասիական շաբաթն» ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։

Գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am