Թիվ 11 դպրոցի տնօրենը կգնա համապատասխան ընթացակարգով. Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ

Armenpress 12:14, 5 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին դպրոցում մանկավարժների և ծնողների հետ կազմակերպված խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ դիմումը տրվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ընթացք տալու համար: «Ես խոսել եմ քաղաքապետի հետ: Նրա համաձայնությունը ևս կա: Եթե դպրոցի կոլեկտիվն ու աշակերտները չեն ընկալում, չեն ուզում այդ տնօրենին, ուրեմն նա չի աշխատի»,-ասաց նա:

Ստեփանյանը ցավով արձանագրեց, որ դպրոցի մանկավարժական կազմը չի ուզում աշխատել տնօրենի հետ: «Ես լսել եմ բոլոր դժգոհությունները: Այսօր ինձ համար, որպես մանկավարժի ցավալի է, երբ հզոր մանկավարժական ուժը կարող է կանգնել և հրաժարվել աշխատել: Ես գտնում եմ, որ եթե տնօրենը սիրված չէ, նա չպետք է աշխատի»,-հավելեց Ստեփանյանը:

Մայիսի 4-ին Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտները, ծնողները, մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում էին, որ տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հեռանա: Ուսուցիչները նշում էին, որ տնօրենի կողմից հետապնդումների են ենթարկվում այն պատճառով, որ իրենք մասնակցել են երթերի, հավաքների: Ըստ նրանց՝ տնօրենը դպրոցի դռները փակել էր և թույլ չէր տվել դուրս գալ և գնալ երթերի: Բողոքի ակցիային ներկա Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամները, տեղեկացրել էին, որ դիմելու են քաղաքապետին Ռուզաննա Ազիզյանին հեռացնելու համար: Դպրոցի տնօրենը հերքում էր իրենց ուղղված մեղադրանքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am