Նալբանդյանն ու Մամադյարովը համաձայնության են եկել հանդիպել հաջորդ տարեսկզբին

Armenpress 06:58, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի ձևաչափով։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։

Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հաջորդ այցելության ժամկետները։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am