Բրազիլիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասած նախկին սենատոր, նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան այցելեց Ծիծեռնակաբերդ

Armenpress 11:29, 17 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան նոյեմբերի 17-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ի դեպ, հենց Ալոիզիո Նունես Ֆերեիրան է Բրազիլիայի Սենատում 2015-ի մայիսի 27-ին որպես օրենսդիր մարմնի անդամ նախաձեռնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բրազիլացի նախարարին ուղեկցում էին Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան ծաղկեպսակ տեղադրեց հուշահամալիրի մոտ, Բրազիլիայի պատվիրակության անդամների հետ ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: 

Գևորգ Վարդանյանը Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարին ներկայացրեց Մեծ Եղեռնին նվիրված հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց կոթողի խորհրդանշական իմաստը: 

Այնուհետեւ Ալոիզիո Նունես Ֆերեիրան այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ ցուցանմուշներին: Թանգարանին կից պուրակում նախարարը տնկեց խորհրդանշական եղևնի:

2015-ի մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեիրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am