Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Armenpress 15:49, 25 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 25-ին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ գործունեության մեջ՝ ի բարօրություն Չինաստանի բարեկամ ժողովրդի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: «Հայաստանի Հանրապետական կուսակցության և իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար դերը երկրում կշարունակի իր բարենպաստ ազդեցությունն ունենալ Չինաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կայուն զարգացման և աշխարհում աճող հեղինակության վրա: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետևողական ամրապնդմանը և խորացմանը: Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների շարունակական ակտիվացումը, ինչպես նաև արդյունավետ գործակցությունը միջազգային ասպարեզում բխում են մեր բարեկամ երկրների և ժողովուրդների կենսական շահերից:  Ուզում եմ նաև նշել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը դիտում է իր առաջնահերթ միջազգային գործընկերների շարքում, որի հետ փոխգործակցությունն ուղղված է փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված հայ-չինական երկկողմ համագործակցության դինամիկ զարգացմանն ու խորացմանը: Պատրաստ ենք նաև հնարավորինս նպաստելու Ձեր կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի իրականացմանը՝ դիտելով այն որպես բազմագործառույթ նախագիծ, որը կոչված է ապահովելու դրանում ընդգրկված երկրների և ժողովուրդների անվտանգությունը, խաղաղությունը և բարօրությունը:  Լիահույս եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք անձամբ քննարկելու հայ-չինական միջկուսակցական, ինչպես նաև միջպետական հարաբերությունների և միջազգային ասպարեզում համագործակցության ամրապնդման հարցերը՝ դրանց մակարդակն ավելի բարձրացնելու նպատակով»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am