ՀՀ Նախագահը պարգևատրեց Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ պատգամավորին

Armenpress 15:45, 21 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, Չեխիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ունեցած ավանդի և հայ-չեխական խորհրդարանական կապերն ամրապնդելու համար  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում չեխ պատգամավորը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից անձամբ ստացավ պարգևը:

Ռոբին Բյոհնիշը մեծ ներդրում ունի Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում: Հենց նա է խորհրդարանի քննարկմանը ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին բանաձևը: Չեխիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևն ընդունել է 2017թ. ապրիլի 26-ին. բանաձևին կողմ է քվեարկել 104 պատգամավոր:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am