Մանկական բեսթսելեր 4/12. «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքն ամենավաճառվածն է

Armenpress 09:47, 12 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշները: Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքն է: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:

 «Հեքիաթներ տղաների համար» գրքույկն այս անգամ մեկ հորիզոնականով բարձրացել է և երկրորդն է: «Ագահ Մեդոկը», «Ֆինվարայի կախարդական գավաթը» և «Հավեյն ասպետի պսակադրությունը» տղաներին կսովորեցնեն լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ:

Մանկական բեսթսելերի երրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ» -ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

«Արև, արև, եկ, եկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուն զիջել է դիրքերը և չորրորդն է: Գրքում զետեղված են տարբեր սերնդի հայ մանկագիրների ստեղծագործություններ:

Ջ. Ռոուլինգի ողջ աշխարհում մեծ աղմուկ բարձրացրած «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ստեղծագործությունը հինգերորդ տեղում է: Տասնմեկամյա Հարի Փոթերը որբ է և ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ: Նա չի էլ կասկածում, որ ինքը իսկական հրաշագործ է: Մի օր մի բու է գալիս և մի նամակ է բերում Հարիի համար, որը փոխում է նրա կյանքը մեկընդմիշտ:

«Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքը վեցերորդ հորիզոնականում է: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:

Յոթերորդ տեղում «Դինոզավր Դեյզիի հակադրությունները» խաղ գիրքն է, որը երեխաները շատ են սիրում:

Ալեքսանդր Պուշկինի «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» վերնագրով հեքիաթների ժողովածուն բարելավել է իր դիրքերը` հայտնվելով ութերորդ հորիզոնականում: Այն ընդգրկում է նաև «Քնած գեղեցկուհու և յոթ քաջերի հեքիաթը»:

Ամենավաճառվածների ցանկի իններորդ հորիզոնականում «Կախարդական զամբյուղը» գիրքն է, որում ներառված են աշխարհի ժողովուրդների լավագույն հեքիաթները, որոնք ոչ միայն կօգնեն ներթափանցել կախարդական աշխարհ, այլև դառնալ գրքի հերոսը:

Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը եզրափակում է մեր ցանկը: Այն Վաչագանի և Անահիտի սիրո, խիզախության, աշխատասիրության, նվիրվածության մասին է: Հեքիաթի մոտիվներով նաև մուլտֆիլմ է նկարահանվել:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները,  7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81): Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ 1 «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» Բուկինիստ 65 2 «Հեքիաթներ տղաների համար» Բուկինիստ 63 3

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 62 4 «Արև, արև, եկ, եկ» Էդիթ պրինտ 60 5

Ջ. Ռոուլինգ

«Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

Զանգակ 58 6

«Երեք պատմվածք

Շերլոք Հոլմսի արկածներից»

Անդրանիկ 30 7 «Դինոզավր Դեյզիի հակադրությունները» Արևիկ 27 8

Ալեքսանդր Պուշկին

«Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին»

Բուկինիստ 25 9 «Կախարդական զամբյուղը» Արևիկ 25 10

Ղազարոս Աղայան

«Անահիտ»

Արևիկ 25

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am