«Նոր գիրք» 3/28. «Խազագրումներ ըստ ծնեբեկի», «Առավոտը պինդ գրկած» և «Անտիպ ուսումնասիրություններ»

Armenpress 10:35, 28 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության կայքում ընթերցասերները հնարավորություն ունեն ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել:

Էդուարդ Հարենցի «Խազագրումներ ըստ ծնեբեկի» բանաստեղծությունների ժողովածուն հայոց լեզվի անսպառ հնարավորություններն ի ցույց դնող, միևնույն ժամանակ լեզվական որոշ տաբուներ հաղթահարող բանաստեղծի պոետական համարձակությունն է: Նրա բանաստեղծություններն ուղղակի պոռթկում են անսովոր ներդաշնակության իրենց մեղեդին: Խմբագիր՝ Հակոբ Մովսես: Երևան, «Անտարես», 2016, 208 էջ:

 Նորայր Գրիգորյանի «Առավոտը պինդ գրկած» գրքում զետեղված են հեղինակի նոր բանաստեղծությունները, որոնցում գրողը հաճախ պատկերային բանաձևումներով, երբեմն էլ մտերմիկ զրույցի միջոցով արտացոլում է մեր իրականությունը:

 «Արմավ» հրատարակչությունը Սևակ Ղազարյանի աշխատասիրությամբ լույս է ընծայել Պարույր Սևակի «Անտիպ ուսումնասիրություններ» գիրքը: Գրքում ներառված են գրողի «Կարծեցյալ Շապուհ Բագրատունին և վաղ վերածննդի հարցերը Հայաստանում» և «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» աշխատությունները:

Գիրքը տպագրվել է «Հայաստան հիմնադրամ ԱՄՆ»-ի աջակցությամբ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am