ՄԱԿ-ի կոմիտեն մտահոգված է Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականության դրսևորումների առնչությամբ

Armenpress 12:21, 11 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների և խտրականության դրսևորումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ չորրորդ պարբերական զեկույցի եզրափակիչ դիտարկման մեջ:

«Կոմիտեն մտահոգված է Ադրբեջանում հայ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների եւ խտրականության դրսևորման հաղորդումների կապակցությամբ, ինչպես նաև այդ անձանց կողմից` սեփական հայկական ինքնությունը ճանաչելու դժկամությամբ: Մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ հայկական ազգանուն ունեցող օտարերկրացիներին, անկախ նրանց քաղաքացիությունից, չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջան»,- ասված է կոմիտեի դիտարկման մեջ:

Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու և պայքարելու հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների դեմ: Պաշտոնական Բաքվին հորդորել են նաև կամայական և խտրական հիմքերով չարգելել հայկական ազգանուն ունեցող անձանց մուտքը Ադրբեջան:

Եզրափակիչ դիտարկման մեջ կոմիտեն մտահոգություն է հայտնել նաև Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների նկատմամբ հարձակումների, խոսքի ազատության, խաղաղ հավաքների անցկացման սահմանափակումների կապակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am