Եկե՛ք աշխարհին ասենք, թե ինչ է պատահել 1915 թվականին. Իսրայելի կնեսետի փոխխոսնակ

Armenpress 15:22, 24 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ես միշտ եղել եմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի ընթացքում հանդես եկավ Իսրայելի կնեսետի փոխխոսնակ, Իսրայել- Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը:

«Ես ուժերիս սահմաններում շարունակելու եմ Կնեսետում բարձրացնել այս հարցը: Ես ցանկանում եմ նշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցների թիվը Կնեսետում պարբերաբար աճում է: Ամենամեծ ձեռքբերումը այս հարցում Կրթության հանձնաժողովի կողմից պաշտոնապես այդ փաստը ճանաչելն էր: Այո, սա Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը չէ, սակայն սա արդեն առաջխաղացում է այս հարցում, եւ իմ կարծիքով՝ շատ նշանակալի»,- ընդգծեց Կնեսետի փոխխոսնակը:

Նա նշեց, որ Իսրայելում Հայաստանի պատմության, ցեղասպանության մասին քչերը գիտեն, եւ այդ բացը լրացնելու համար պետք է զգալի աշխատանք տանել:

«Մենք պետք է միասին աշխատենք, քանի որ երկրները, որոնք շահագրգիռ չեն ցեղասպանության ճանաչման հարցում, անում են ամեն ինչ, որպեսզի այդ մասին չիմանան: Եկե՛ք աշխարհին ասենք, թե ինչ է պատահել 1915 թվականին: Եկե՛ք ասենք ճշմարտությունը»,-ասաց Թալի Պլոսկովը: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am