Երևանում կառուցվելու է նոր աղբավայր

Armenpress 19:08, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ նախատեսվում է Երևանում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 24.42 հա հողամասը հետ վերցնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ից և այն նվիրել Երևան համայնքին` նոր աղբավայր նախագծելու, կառուցելու և շահագործելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 2-ի նիստի օրակարգում:

Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում նոր աղբավայրի կառուցումը իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամաշնորհային միջոցներով ներգրավված միջազգային խորհրդատուի կողմից իրականացված իրագործելիության արդյունքերի համաձայն:

Նոր աղբավայրը համապատասխանելու է Եվրոպական միության՝ կենցաղային աղբավայրերի մասին 1999/31 դիրեկտիվի պայմաններին, որոնց համապատասխան նմանատիպ աղբավայրեր արդեն իսկ կառուցված են և շահագործվում են աշխարհի մի շարք քաղաքներում, օրինակ՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, սերբական Դուբակոյում, Կիպրոսի Լառնակայում, թուրքական Կոնյայում, ռումինական Տառգու Մուրեսում, բուլղարական Վառնայում:

Նուբարաշենի աղբավայրից բացի նախատեսվում է նաև փակել Երևան քաղաքում տարերայնորեն առաջացած Աջափնյակի աղբավայրը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am