Հառլեմ Դեզիրը ԼՂ բանակցությունների վերսկսման կոչ է անում

Armenpress 12:14, 25 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները պետք է վերսկսվեն: Բանակցություններն իսկապես անհրաժեշտություն են, որպեսզի հնարավոր լինի խուսափել բռնության այնպիսի դրսևորումներից, ինչպիսիք եղան բոլորվին վերջերս: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը:

«Պետք է  բոլորս միավորենք մեր ուժերը, որպեսզի կարողանանք ի զորու լինել կերտելու հարատև, կայուն խաղաղություն տարածաշրջանում՝ հիմնված ամենակարևոր երեք հիմնական սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Սա է այն ուղերձը, որով ես այստեղ եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Դեզիրը հավելեց, որ առաջին հերթին հարկավոր է վստահության մեխանիզմներ ստեղծել՝ սահմանային միջադեպերի հետաքննության տեխնիկական միջոցների կիրառման եղանակով: «Հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկումն ու վստահության մեխանիզմների ներդրումը կլինի հիմնական շեշտադրումն այն քաղաքական հանդիպումների, որոնք ես կունենամ Երևանում և վաղը Բաքվում»,- եզրափակեց պետքարտուղարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am