Մինչև 2020թ.-ն 70 ավագ դպրոցներում միկրոէլեկտրոնիկան, ՏՏ-ն և հեռահաղորդակցությունը կդառնան պարտադիր

Armenpress 19:41, 12 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա սեպտեմբերից հանրապետության ավագ դպրոցներում պիլոտային ծրագիր է իրականացվում, որով «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահորդակցություն» առարկաները դարձել են պարտադիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ Նախագահի նստավայրում հայտարարեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Նրա խոսքով`  ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական մրցանակաբաշխության արդյունքների վերլուծությունը թույլ է տվել հանգել մի եզրակացության, որ երբեմն բնագիտական առարկաներից ուժեղ աշակերտները, որպես մասնագիտություն, ընտրում են հումանիտար ուղղությունը, ինչը նպատակահարմար չէ: «Հաջորդ տարի ևս 10 դպրոց կմիանա պիլոտային ծրագրին, ու արդեն 2020 թվականին մոտ 70 ավագ դպրոցներում այս առարկաները կլինեն պարտադիր»,- ասաց Հովիկ Մուսայելյանը` հավելելով, որ առարկաների պարտադիր լինելը տարբեր հոսքերի համար կորոշի դպրոցը: Նրա հավաստմամբ` միջազգային շատ փորձագետներ նշել են, որ նմանատիպ խոսակցություններ իրենց երկրներում էլ եղել են, բայց Հայաստանն առաջինն է, որ այդ քայլին գնաց: «Քանի որ ՏՏ ոլորտում տարեկան 2-2.5 հազար աշխատողի խնդիր կա, մենք այս քայլով հույս ունենք լուծել այդ հարցը»,- ավելացրեց Հովիկ Մուսայելյանը:

ՏՏ ոլորտի մասնագետը նկատեց, որ այս տարի դպրոցականները միջազգային օլիմպիադներից բերել են 20 մեդալ, ավելի շատ, քան Թուրքիան և ավելի շատ, քան Վրաստանն ու Ադրբեջանը միասին վերցրած: «Սա հպարտանալու մեծ առիթ է: Բայց եթե մենք բացարձակ առաջատար ենք մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն և կենսաբանություն առարկաներից, դա չենք կարող ասել ինֆորմատիկա առարկայի մասին: Երեք բրոնզե մեդալներով մենք առաջատար չենք: Իսկ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտային առարկան դպրոցում հենց ինֆորմատիկան է»,- շեշտեց Հովիկ Մուսայելյանը:

Նա մի կարևոր դիտարկում էր կատարեց, ըստ որի, Հայաստանում ՏՏ բնագավառում կանանց ներգրավվածությունը տարեցտարի ավելանում է` այժմ կազմելով 27 տոկոս, մինչդեռ ամբողջ աշխարհում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կանանց ու աղջիկների ներգրավվածությունը 10 տոկոս է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am