Լատինական Ամերիկայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին. ՀՀ ԱԳՆ

Armenpress 22:24, 1 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ողջունում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների 23 օրենսդիր մարմիններ միավորող Լատինամերիկյան խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Այս մասին նշվում է

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Լատինամերիկյան խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարության մեջ: «Ճանաչման գործընթացն անշրջելիորեն ընթանում է ինչպես պետական, հասարակական, այնպես էլ բազմակողմ մակարդակներով։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Լատինամերիկյան խորհրդարանի կողմից ընդունված այս բանաձևը համերաշխության և աջակցության ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին ժխտողականության դեմ պայքարում։

Վստահորեն կարելի է ասել, որ միջազգային նման հեղինակավոր կառույցի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային դիրքորոշման արտահայտումը ծանրակշիռ ներդրում է ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում»,-նշված է նախարար Նալբանդյանի հայտարարության մեջ։

Լատինական Ամերիկայի խորհրդարանը (Parlatino) հուլիսի 31-ին հատուկ որոշմամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Լատինական Ամերիկայի խորհրդարանը տարածշրջանային մշտական կազմակերպություն է, որի կազմում ընդգրկված են Լատինական Ամերիկայի եւ Կարբիբյան ծովի ավազանի երկրների ներկայացուցիչներ: Իր գործունեությամբ այն նման է Եվրոպական խորհրդարանին: Խորհրդարանը ձեւավորվել է 1964թ., նստավայրը Պանաման է, ունի 23 անդամ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am