Մի օր Արցախը միջազգային ճանաչում կստանա. ՀՀ ԱԺ պատվիրակությունը ընտրությունները որակում է ազատ և արդար

Armenpress 10:57, 4 Մայիս, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի խորհրդարանական ընտրությունները դիտարկող Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամները երեք օրերի ընթացքում հանդիպել են ԼՂՀ նախագահին, կուսակցությունների ներկայացուցիչներին, քվեարկության օրն  իրականացրել դիտորդական առաքելություն եւ փաստում են, որ ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ ընտրություններն անցել են բաց, թափանցիկ եւ համապատասխանել են ժողովրդավարական բոլոր չափանիշներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ստեփանակերտից, ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենց պատվիրակությունը բաժանվել է 4 խմբի եւ որեւէ ընտրատեղամասում պատգամավորները խախտում չեն արձանագրել: «Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ ինքն է իր ճակատագրի դարբինն ու ապացուցեց ազատ, անկախ երկրում ապրելու իր իրավունքը: Այս ընտրությունները կարող են օրինակելի լինեն տարածաշրջանի բոլոր երկրների համար: Որեւէ տհաճ միջադեպ չի արձանագրվել եւ Արցախում ընտրությունը ընկալվում է որպես քաղաքական գործընթաց»,- ասաց Շարմազանովը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ այս ընտրություններով Արցախն ապացուցեց իր ժողովրդավարական բարձր մակարդակը: Ապացուցվեց նաեւ, որ Արցախը հետաքրքրական է աշխարհի համար: «Այն տեսակետը, թե իբր Արցախը մի կերպ է գոյատեւում ի չիք դարձավ, քանի որ մի կերպ գոյատեւող պետությունը չի կարող նման մակարդակի ընտրություններ կազմակերպել: Գոհունակությամբ ասեմ, որ բանակը ե’ւ պաշտպանում էր սահմանը, ե’ւ մասնակցում ընտրություններին: Գիտենք, որ այս օրերին սահմանին լարված է եղել, մեկ վիրավոր ենք ունեցել, սակայն բանակը կարողացավ պաշտպանել երկրի անվտանգությունը, իսկ զինվորները կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը: Սա փաստում է, որ Արցախը կայանում է եւ կգա մի օր, որ Արցախը միջազգային ճանաչում կստանա»,-ընդգծեց Ռուստամյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցության բարձր մակարդակ է գրանցվել: «Անգամ նախագահական ընտրություններին չի արձանագրվել 70 տոկոս մասնակցություն: Սա փաստում է, որ արցախցին կարեւորում է Ազգային ժողովի դերակատարությունն իր կյանքում: Իսկ այս ԱԺ-ն լինելու է ավելի պրոֆեսիոնալ»:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am