Նեպալի երկրաշարժի հետեւանքով զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան

Armenpress 10:11, 26 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արտյոմ Խաչատրյանի հետ, ով համատեղության կարգով հյուպատոս է նաև Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, ըստ Ա. Խաչատրյանի՝ ապրիլի 25-ի ժամը 21.00-ի դրությամբ զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: Ա. Խաչատրյանը ուղիղ կապի մեջ է Նեպալի իշխանությունների հետ. տվյալների ճշգրտումը շարունակվում է:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: ՀՀ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների ներգրավմամբ ճշգրտվում է, թե կարող են արդյոք Նեպալում գտնվել ՀՀ քաղաքացիներ:  Թեժ գիծն ինչպես միշտ նույնն է՝ 9-11:

Ապրիլի 25-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի մոտակայքում տեղի ունեցած 7.9 բալ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվն այս պահին մոտենում է երկու հազարի:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am