Քնեսեթի պատգամավորը Հայոց ցեղասպանության ճանաչումն Իսրայելի պարտքն է համարում

Armenpress 17:44, 24 Ապրիլ, 2015

ԵՐՈՒՍԱՂԵՄ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Քնեսեթի մի խումբ պատգամավորներ ապրիլի 24-ին Երուսաղեմում և Երևանում մասնակցել են Հայոց ցեղսպանության զոհերի ոգեկոչման արարողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Izrus.co.il-ը, ՄԵՐԵՑ կուսակցության ղեկավար Զահավա Գալյոնը և այդ կուսակցության անդամ, արտաքին գործերի նախկին նախարար Յաիր Ցաբանը մասնակցել են թուրքերի ձեռքով 1,5 մլն սպանվածների ոգեկոչման միջոցառմանը, որը տեղի է ունեցել Երուսաղեմի հայկական եկեղեցում:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը մեր պարտքն է: Հրեա ժողովուրդը, որն անցել է իր զանգվածային բնաջնջման ճանապարհով, հասկանում է Հոլոքոստի ժխտման հետևանքները և մինչ օրս պայքարում է դրա դեմ, ուստի, պարտավոր է զգայուն լինել այլ ազգերի ողբերգությունների նկատմամբ: Չընդունելով Ցեղասպանությունը` Իսրայելի կառավարությունը դա օգտագործում է իր արտաքին քաղաքական կարիքների համար»,- միջոցառման ժամանակ հայտարարել է Գալյոնը: Միաժամանակ, պորտալը նշում է, որ Երևանում անցկացվող արարողություններին մասնակցում են Քնեսեթի խոշոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ` «Լիքուդ»-ից Անատ Բերկոն, Սիոնիստական միությունից՝ Նահման Շայը: Նրանց ուղեկցում է Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մերոմը:

«Սա պատմության մեջ առաջին անգամ է, որ նման արարողությանը մասնակցում է Իսրայելի պաշտոնական պատվիրակություն: Միաժամանակ, այցի փաստը չի նշանակում Իսրայելի պաշտոնական դիրքորոշման փոփոխություն, որը քաղաքական ծրագրի պատճառով այդպես էլ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսրայելական պատվիրակության Երևան այցի հրավերն Իսրայելի ԱԳՆ է ներկայացրել Հայաստանի դեսպանը»,- գրել է պորտալը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am