Առողջապահության նախարարությունը բժշկական օգնություն է տրամադրել Ցեղասպանության 28 վերապրածի

Armenpress 16:27, 18 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների առողջությանը վերաբերող հարցերը մշտապես ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության ներքո են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը բժշկական օգնություն, դեղեր և բժշկական պարագաներ է տրամադրել 28 ականատես-վերապրածի: Մասնագիտական խմբերի համայցերի ընթացքում Երևանում և մարզերում կատարվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, որոնց հիման վրա ստեղծվել են ականատես-վերապրածների բժշկական անձնագրերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նա հայտնեց, որ Հայաստանի բուժքույրերի միավորում ասոցիացիան ևս իր աջակցությունն է ցուցաբերում` տրամադրելով խնամակալներ: Ականատես-վերապրածների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2014 թվականին` Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ:  Ականատես-վերապրածներին առնչվող առողջապահական հարցերին արագ արձագանքելու և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը:

Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին ևս ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի «Արամյանց» բժշկական կենտրոնում լսողության խնդիրներ ունեցող 13 վետերանի ապրիլի սկզբին կատարվել է աուդիոմետրիկ հետազոտություն, որոնց արդյունքների հիման վրա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կտրամադրի լսողական սարքեր:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am