Թուրք հոգևորականը եկեղեցում հայերից ներողություն է խնդրել Ցեղասպանության համար

Armenpress 17:00, 3 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մինչ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ապրիլի 1-ին մի թուրք հոգևորական ԱՄՆ-ում այցելել է Ֆրեզնոյի հայկական երիցական եկեղեցի և ներողություն խնդրել հայերից իր նախնիների կատարած ոճրագործությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին  հայտնում է ամերիկյան yourcentralvalley.com կայքը:

Նշվում է, որ թուրք հոգևորականը կատարվածի մասին իմացել է 7 տարի առաջ` ՀՀ մայրաքաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո: «Ես ամաչեցի և լաց եղա: Մարմնովս դող անցավ»,- ասել է նա և խնդրել, անվտանգության նկատառումներով, չբացահայտել իր ինքնությունը:

«Ես խնդրում եմ ձեզ ներել իմ ազգին: Ներեք իմ ազգին, նրանք մեղավոր են: Մեղավոր են Աստծո առաջ, ձեր առաջ»,- արցունքախառն ասել է թուրքը: Տեղի հայությունը նրա ապաշխարանքն ընդունել է ծափերով և արցունքներով: Քահանա Գրեգ Հարությունյանն այս քայլը կարևոր է համարել ցավի «ամոքման» համար: «Մեր ժողովուրդն առաջին անգամ է նման բան լսում: Նրանից ոմանք 80-ն անց են և պարզապես ապշած են: Չեն կարողանում հավատալ: Նրանք առաջին անգամ են նման բան լսում»,- նշել է հայկական եկեղեցու հոգևոր առանջնորդըˋ խրախոսելով թուրք կրոնականի քայլը: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am